Բալայանի և ՔՊ-ի հանդիպմանն ամենաակտիվը եղել է Անդրանիկ Քոչարյանը, Կանխեցին արշավը Եկեղեցու դեմ. Մամուլը՝ սուրճով

Բալայանի և ՔՊ-ի հանդիպմանն ամենաակտիվը եղել է Անդրանիկ Քոչարյանը, Կանխեցին արշավը Եկեղեցու դեմ. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Հյուսիսային պողոտա կառուցելու համար Երեւանի կենտրոնի բնակիչներին տարհանելու տեսարանները երեւանցիները լավ են հիշում: Այդ տարհանումները դարձան Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամենասեւ էջերից մեկը: «Կոնդի նախագիծը» սպառնում է դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մեկը: Երեկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց «Կոնդ» թաղամասի իրացման մեկնարկի մասին: Ասվեց, որ այս տարածքում հողի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 214 եւ 139 հազար դրամ է, այսինքն` 500-600 դոլար, ինչին անմիջապես արձագանքեցին կոնդեցիները:

Խմբագրություն զանգած քաղաքացիներն ասում էին. «Աբսուրդային գներ են առաջարկում, 210 հազար դրամով կենտրոնից ո՞ւր գնանք... Մարդիկ 100 տարի ապրել են Կոնդում, հիմա եկել եք՝ կոպեկներով ուզում եք հանե՞ք մեզ մեր տներից, մենք ոչ մի գումար չենք ուզում, ուզում ենք ընդամենը մեր համար տներ սարքեն` մի երկու-երեք շենք, մնացածն ինչ ուզում են, թող անեն»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ-ի եւ ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի հետ հանդիպումից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականները բավականին ակտիվ են եղել։

Մասնավորապես, փակ հանդիպմանը կոնկրետ ՍԴ դատավորի թեկնածուին 6-ից ավելի հարց է տվել Անդրանիկ Քոչարյանը, որից հետո հարցեր են տվել Վլադիմիր Վարդանյանը, Տրդատ Սարգսյանը, Լիլի Մինասյանը, Հայկ Կոնջորյանը: Վերջիններիս հարցերը եղել են ինչպես նրա կրթությունից, այնպես էլ նրա գործունեությունից: Ի դեպ, ըստ ՔՊ-ականների, առավել սուր հարցեր է տվել Անդրանիկ Քոչարյանը, որի հարցերին Բալայանը բավականին հանգամանալից պատասխաններ է տվել։

ArmLur.am-ը գրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Բալայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ։ Բալայանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն չցանկացավ որեւէ բան մանրամասնել։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ ՔՊ խմբակցության հետ հանդիպումը շատ ակտիվ է եղել, որի ժամանակ պատգամավորները տարբեր հարցեր են հղել Բալայանին։

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էր Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր։ Դատավորները 158 ձայն տվեցին Դավիթ Բալայանին։

Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:

Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր եւ այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից»։

«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ հերթական արշավը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է իրականացնել ինչ-որ շարժման միջոցով, որը փետրվարի 24ին նախատեսում էր բողոքի ակցիա իրականացնել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Նշել էինք նաև, որ, մեր ունեցած տեղեկություններով, Մայր Աթոռի մուտքի մոտ մեծաթիվ հայ քրիստոնյաներ են լինելու, որոնք թույլ չեն տալու հերթական հարձակումը Հայ առաքելական եկեղեցու դեմ:

Եվ ահա, փետրվարի 24-ին բազմահազար մարդիկ էին այցելել Էջմիածին՝ ի աջակցություն Վեհափառ հայրապետի ու Եկեղեցու: Բավական տպավորիչ արշավ էր կազմակերպել «Հայ խաչակիրների ազատագրական շարժումը»՝ Արթուր Ասատրյանի գլխավորությամբ: Մեր տեղեկություններով, ավելի քան հինգ հազար «խաչակիրներ» են մասնակցել այս քայլերթին:

Ակցիա էին իրականացնում նաև Էջմիածնի ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամները, փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանն իր համախոհների հետ և այլն: Էջմիածնում էին նաև բազմաթիվ այլ հայ քրիստոնյաներ, որոնք պարզապես եկել էին աջակցելու Հայ առաքելական եկեղեցուն:

Այստեղ կարևոր է նշել, որ ազգային արժեքների, այս դեպքում՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբման արդյունքում հնարավոր եղավ տապալել իշխանությունների նախաձեռնած հերթական արշավը Եկեղեցու դեմ: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ վերջին շրջանում, որքան իշխանություններն առավել ինտենսիվ են պատերազմում Եկեղեցու դեմ, այնքան շատ են ակտիվանում ՀԱԵ-ին աջակցող, սատարող նախաձեռնությունները, ինչը թույլ է տալիս հուսալ, որ ինչպես պատմության տարբեր ժամանակաշրջաններում, ներկա բարդագույն փուլում ևս Եկեղեցին կարող է համախմբող գործոն դառնալ: