Ինչո՞ւ արցախցիները չեն օգտվում ՀՀ կառավարության առաջարկած բնակապահովման ծրագրից

ՀՀ կառավարության կողմից առաջարկված բնակապահովման առաջին փուլին դիմել է ընդամենը 250 ընտանիք, որից միայն 30 ընտանիք է դարձել շահառու։ Նրանց կտրվի բնակարան ձեռք բերելու վկայական։
Մերժվածների ցանկում ստեփանակերտցի Սուսաննա Ղազարյանի ընտանիքն է։ Ամուսնու եղբայրն ապրում է Ռոստովում, քույրը՝ Բելգիայում։ Նրանք բոլորը պետք է դառնան ՀՀ քաղաքացի, որպեսզի Սուսաննայի ընտանիքը ևս դառնա շահառու։ Նա MediaHub-ին պատմեց, որ արդեն որոշում են կայացրել ընտանիքով Վայոց ձորից արտագաղթել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս։
«Հարյուր հազար տեղահանված մեր հայրենակիցների մեծ մասն արդեն արտագաղթել է։ Քաղաքացիություն ստանալը երկար գործընթաց է, դրա համար անհրաժեշտ են ընտանիքի բոլոր անդամների փաստաթղթերը, ներկայությունն ու քաղաքացիություն ստանալը։ Նորություն չեմ ասի, շատերիս փաստաթղթերում Խորհրդային միության ժամանակներից եկած կան տառասխալներ, օրինակ, մորս հայրանունը ծննդյան վկայականում գրված է Էդուարդ, անձնագրում՝ Էդվարդ։ Այս մի տառն ուղղելու համար հազար դուռ ենք ծեծում, ժամանակ ու գումար ծախսում։ Մի մասը նույնիսկ փաստաթղթերը չի վերցրել, հազիվ դուրս են եկել իրենց հրետակոծվող տներից, հիմա էստեղ զրոյից են հավաքում։ Ընտանիքի բոլոր անդամները պետք է գան մեր պատճառով ստանան ՀՀ քաղաքացիություն, որ սահմանամերձ մի գյուղում մենք կարողանանք տուն վերցնել»,-ասաց նա։
Բնակապահովման գործընթացը դյուրին չէ։ Արցախցիներն ամեն օր բախվում են նոր խնդիրների։ Յուրաքանչյուր արցախցու հատկացվում է 3-5 մլն դրամ՝ կախված բնակարանի գնման վայրից, սակայն պարտադիր պայման է, որ ընտանիքի բոլոր անդամները ստանան ՀՀ քաղաքացիություն։
«Մենք ասել ենք Արցախից հետո գոնե Հայաստանում՝ հայկական միջավայրում ապրենք, բայց այս ամենը հաշվի առնելով՝ ստիպված ենք հեռանալ»։
Հայաստանի կառավարությունը հայտարարել է արցախցիների բնակապահովման ծրագրի երրորդ փուլի մասին։ Սուսաննայի խոսքով՝ «վերլուծաբան չպետք է լինես, որ հասկանաս՝ գործընթացը բարդացրել են, որ նպաստեն արտագաղթին»։
Հունան Թադևոսյան