Արցախի սուբեկտությունը վերականգնվելու է․ փշոտ ճանապարհի առաջին քայլերը

Արցախի սուբեկտությունը վերականգնվելու է․ փշոտ ճանապարհի առաջին քայլերը

Արցախի  ԿԸՀ հրապարակած  նախնական տվյալներով՝ կիրակի օրը Մարտունու և Շահումյանի շրջանների մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունները կայացել են։

Այս ընտրություններն, իհարկե, որևէ ազդեցություն չեն ունենալու Արցախի ներքաղաքական դասավորության վրա, սակայն նրանց քաղաքական նշանակությունն անչափ կարևոր է։

Արցախի սուբեկտության վերականգման առաջին քայլը հենց հասարակությանը գործոն դարձնելն է։ Իսկ դրա ամենագործուն միջոցն ընտրություններն են, երբ Արցախի քաղաքացիները կարողանում են ձևավորել տեղական, հանրապետական իշխանություններ։

Այս դժվարին, ֆորս-մաժորային իրավիճակում կարևոր է, որ տեղական ընտրությունները չեն հետաձգվել, որովհետև եթե որևէ երկրում ընտրական ինստիտուտը չի գործում, մարդկանց մոտ կորում է պետականության զգացումը։

Հուսանք, որ մոտ ապագայում Արցախում լուրջ ռեֆորմների կենթարկվեն Արցախի պետական, քաղաքական համակարգերը։ Մինչպատերազմական պետական կառույցը, սահմանադրական կարգավորումները նոր պայմաններում այլևս արդյունավետ չեն գործում։

Արցախին, թերևս, պետք է սահմանադրական ռեֆորմ, որն իրականություն կդառնա քաղաքական, հանրային լայն կոնսենսուսի արդյունքում։ Արցախցիները պետք է ընտրեն այն պետական համակարգը, ինստիտուցիոնալ կառույցը, որի պայմաններում ավելի արդյունավետ են համարում իրենց կյանքը, դրա կազմակերպումը։

Մյուս կողմից, 44-օրյա պատերազմն Արցախում հարուցել է իշխանության ճգնաժամ, որը հաղթահարելու համար՝ անհրաժեշտ են ոչ միայն սահմանադրական փոփոխություններ, այլ նաև ընտրություններ։

Սակայն դրանք պետք է անցկացվեն միայն այն պայմաններում, երբ դրանց շուրջ կձևավորվի քաղաքական, հանրային լայն կոնսենսուս։ Միայն այդ ճանապարհով Արցախը կարող է հասնել իր սուբեկտության վերականգմանը։

Վահրամ Բագրատյան