ՔՊ-ականները ՀՀ-ում դե-ֆակտո չունեն իշխանություն

Այս ցույցերի կազմակերպիչները, այո՛, տենչում են արյուն, երազում են տեսնել գլուխները ջարդված ոստիկաններ: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը:
ՔՊ-ականների իշխանության օրոք հազարավոր հայորդիներ են զոհվել Արցախում, հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում, իսկ արյուն տենչալու մեջ Ալեքսանյանը անհիմն մեղադրում է ընդդիմությանը: Ընդդիմության բոլոր գործողությունները ՀՀ օրենքների, Սահմանդրության շրջանակներում են՝ ցույցները կրում են խաղաղ բնույթ՝ չնայած իշխանությունների տարբեր սադրանքներին, ոստիկանության բիրտ գործողություններին և ՔՊ-ականների կողմից ընդդիմության նկատմամբ ատելության գեներացման և քարոզչության:
Եթե ընդդիմությունն արյուն տենչար և դիմեր անօրինական գործողությունների, ապա Վահագն Ալեքսանյանը վաղուց չէր լինի իշխանության ու իր «բոցաշունչ» ելույթներով չէր զվարճացնի հասարակությանը:
ՔՊ-ականներն էին 2018թ.-ին դագաղներ ուղարկում տարբեր գործիչների բակեր և թիրախավորում ընդդիմադիր գործիչներին և նրանց ընտանիքներին փողոցում, համացանցում և մեդիահարթակներում:
Այսօր ընդդիմությունը ցանկանում է հասնել անցնցում իշխանափոխության՝ գիտակցելով Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված փխրուն անվտանգային իրավիճակը՝ չցանկանալով գնալ բախումների՝ հասարակության տարբեր շերտերին հանելով միմյանց դեմ:
ՔՊ-ականները պետք է դադարեն ընդդիմությունից «ներքին թշնամու» կերպար կերտելու գործողություններն ու լսեն հայ ժողովրդի ձայնը՝ օր առաջ հեռանան իշխանությունից հանուն Արցախի հայկական ապագայի:
Ասֆալտին փռելու, պատերով ծեփելու գործողությունների սիրահարը՝ Ալեքսանյանի շեֆն է, ով բազմաթիվ անգամ սպառնալիքներ է հնչեցրել ընդդիմության հասցեին: ՔՊ-ականներն այլևս ՀՀ-ում դե-ֆակտո իշխանություն չունեն՝ դա ուղղակի պետք է ամրագրել նաև դե-յուրե:
Վահրամ Բագրատյան