Բանակցությունները դրական արդյունք են տվել․ Խրամորթում ադրբեջանական մուղամն ու կոչերը անջատվել են

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում տեղի ունեցածի վերաբերյալ ադրբեջանական կողմի հետ բանակցություններն արդյունք են տվել։ Այս մասին Mediahub-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարության կապերի և լրատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Այս պահի դրությամբ ադրբեջնական կողմը ոչ մուղամ է միացնում, ոչ էլ բարձրախոսով գյուղը լքելու կոչեր անում, կարելի է ասել՝ այսօր բանակցությունները որաշկիորեն դրական արդյունք են տվել, թե մինչև երբ իրավիճակը կպահպանվի, պարզ չէ»,-աաց նա։
Հունան Թադևոսյանը նաև նշեց, որ Ասկերանի բաժնի ոստիկանության ծառայողները դեռ գտնվում են Խրամորթ գյուղում, հավաստիացրել են, որ ամեն ինչ նորմալ է, շարունակելու են օպերատիվ ծառայություն իրականացնել: Նա նաև նշեց, որ օպերատիվ ծառայություն արդեն մի քանի օր է՝ ինչ իրականցվում է։
«Նշեմ, որ ադրբեջանական կողմն այս պահին հանգիստ է, հրադադարի ռեժիմը չի խախտվում», - վստահեցրեց նա։
Հիշեցնենք, որ արդեն երեք օր է՝ ադրբեջանական զինուժը ահաբեկում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիներին՝ բարձրախոսով կոչ անելով՝ լքել գյուղը, նրանք նաև մուղամ են միացնում։ Արցախի ՄԻՊ-ը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է, որ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում ադրբեջանցիների կողմից բարձրախոսներով հայ բնակչությանն ուղղված «կոչերն ու հորդորները» բնակչությանն ահաբեկելու դիտավորություն ունեն։
Անի Գևորգյան