Մամուլից տեղեկացել եմ՝ մենք ռուսական տարբերակն ենք առաջնային համարել․ Սուքիասյան

Ես տեղեկություններ չունեմ, թե Արևմուտքն ինչ դիրքորոշում ունի «Սյունիքի միջանցքի» հետ կապված։ Այդ մասին այսօր ՔՊ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ 

Նրա խոսքով՝ բանակցություններ են, դրանք էլ գաղտնի են, կամ էլ այնպիսին են, որ չեն հրապարակվում, քանի դեռ վերջնական տարբերակ չլինի։

Դիտարկմանը, որ Պուտինը հայտարարում է, թե ՀՀ իշխանությունը հակված է վաշինգտոնյան տարբերակին, Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց, որ այդպիսի բան չի լսել։

Սուքիասյանը նշեց, որ պայմանագրի երկու՝ թե՛ ռուսական, թե՛ արևմտյան տարբերակը մամուլում կա, և դրանց տարբերությունն այն է, որ արևմտյան տարբերակում Ղարաբաղյան հարցում մշակութային ինքնուրույնությունից է խոսվում, իսկ ռուսականի դեպքում այդ հարցը թողնվում է ապագային։

«Դա, իհարկե, մամուլի գրածով եմ ասում։ Ի վերջո, տարածքային ամբողջականությունը միջազգային հանրությունն առաջնային է համարում»,- ասաց նա։

Սուքիասյանը նշեց, որ մամուլից տեղեկացել է՝ մենք ռուսական տարբերակն ենք առաջնային համարել։

Նա նշեց նաև, որ հնարավոր է հոկտեմբերի 31-ին ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, բայց քիչ հավանական է, որ այն խաղաղության ամբողջական պայմանագիրը լինի։