Երեկ առաջին անգամ մի թեթև ժպիտ եկավ տիկին Գայանեի դեմքին. փաստաբան

Տիկին Գայանեի առողջական վիճակը լավ չէր, բայց դատավարության ընթացքում, լսելով դատարանի շենքի մոտ հավաքված մարդկանց ձայները, երաշխավորների հետ զրուցելուց հետո նրա վիճակը բավականին բարելավվեց: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Գիշերը նա տեղեկացրել էր, որ տիկին Հակոբյանի առողջական վիճակը վատացել է, նրա համար շտապ օգնության մեքենա են կանչել:
«Երեկ առաջին անգամ նաև մի թեթև ժպիտ եկավ տիկին Գայանեի դեմքին: Հույս ունեմ այսօր լավ է լինելու»,- մեզ փոխանցեց Մելիքյանը:
Նշենք, որ այսօր ժամը 13.00-ին դատարանը կշարունակի Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը:
Հիշեցնենք, ընդդիմադիր պատգամավորները և մի շարք այլ հանրության մեջ վստահություն վայելող անհատներ ներկայացրել են երաշխավորություն հացադուլ հայտարարած, քաղաքական դրդապատճառներով կալանավորված Գայանե Հակոբյանի ազատության համար: Զուգահեռաբար զոհված զինծառայողների ծնողներն ու նրանց սատարող քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում, նրանք ի նշան բողոքի փակել էին Արշակունյաց պողոտան և կոչ են անում բոլորին միանալ իրենց պայքարին:
Հիշեցնենք նաև, որ Գայանե Հակոբյանին մեղադրում են Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտ Փաշինյանին իբրև թե առևանգելու փորձ կատարելու համար: