Եթե ՀՀ–ն գնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով, ապա դուրս կգա ԵԱՏՄ–ից․ ռուս պատգամավոր

Եթե ՀՀ–ն գնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով, ապա դուրս կգա ԵԱՏՄ–ից․ ռուս պատգամավոր

ՌԴ-ՀՀ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եթե խոսում ենք Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հարաբերությունների մասին, որովհետև մենք ավելին ենք, քան եղբայրական ազգեր։ Այս մասին MediaHub-ի հարցին ի պատասխան ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։ 

Նա անդրադարձավ այդ հարաբերությունների ավելի առարկայական կողմին: «Այսօր Հայաստանի ՀՆԱ-ն աճում է թռիչքաձև, Հայաստանն այսօր ունի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն ամբողջ մոլորակի վրա, որովհետև այն 10%-ից ավելի է, որոշ ճյուղերում 20%-ից ավել է միայն զուգահեռ ներմուծման և մեր երկրների ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության շնորհիվ»,- նշեց ռուս պատգամավորը:

Ինչ վերաբերում է միջպետական հարաբերություններին, ապա, ըստ Արշինովայի, այժմ որոշակի տուրբուլենտություն է նկատվում։ 

«Հայաստանյան իշխանությունների կողմից կան որոշակի հայտարարություններ առ այն, որ մենք միասին շարունակելու ենք զարգացնել Եվրասիական տնտեսական միությունը, բայց միաժամանակ տեսնում ենք, որ Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է եվրաինտեգրման մասին որոշումը և տեսում ենք, որ Հայաստանը կարող է գնալ Մոլդովայի ճանապարհով, որը ոչ միայն որոշ հայտարարություններ է արել, այլ բառացիորեն անցյալ տարի եվրաինտեգրման հանրաքվե է անցկացրել, և իշխանությունները պարտվել են երկրի ներսում»,– ասաց Արշինովան։

Պատգամավորը նկատեց, որ իրենք տեսնում են, որ Հայաստանը, մեր երկրի ժողովուրդը կողմ է եվրասիական ինտեգրմանը, բայց տեսնում են, որ այսօր Հայաստանում բարձր մակարդակով որոշում է կայացվում մերձենալ Եվրամիությանը։ 

«Փոխվարչապետ Օվերչուկն արդեն հայտարարություն արել է, որ եթե Հայաստանը մտնում է Եվրամիություն, ուրեմն դուրս է գալու ԵԱՏՄ-ից, քանզի սրանք փոխադարձ իրար բացառող գործոններ են։ Եվ, իհարկե, մենք տեսնում ենք, որ առանց ռուսական էներգետիկ ռեսուրսների, առանց ռուսական ներդրումների, առանց հայ-ռուսական ավանդական հարաբերությունների Հայաստանի տնտեսությունն այնպես չի զարգանա։ Եվ, հավանաբար, տուրբուլենտությունը կխորանա»,- ընդգծեց ռուս պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում

Մարիաննա Արամյան