Անօրակարգ իշխանության դեգերումները

Տարեվերջին Լաչինի միջանցքի փակումը ոչ միայն հումանիտար աղետի առաջ կանգնեցրեց Արցախը, այլ խորհրդսնշորեն ցույց տվեց Հայաստանի քաղաքականության, բանակցային գործընթացի փակուղին:
Տարին սկսվեց Արցախի հանդեպ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններով ու գազային շանտաժով ու եզրափակվում է Արցախի շրջափակմամբ, ընդ որում՝ ակնհայտ է, որ եթե անգամ Լաչինի միջանցքը բացվի, այլևս չի ունենալու այն ռեժիմը, ստատուս-քվոն, որը գոյություն ուներ մինչև դեկտեմբերի 12-ը:
Անցնող տարվա ընթացքում մենք ականատես եղանք Նիկոլ Փաշինյանի իշխանության անատամ քաղաքականությանն ու Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային ու հիմա ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի տարածքից մոտ 150 քառակուսի կիլոմետր օկուպացված է:
Մոսկվան, Բաքուն, Բրյուսելը, Վաշինգոնն ունեն հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման իրենց պատկերացումները ու միայն Հայաստանն է, որը չունի օրակարգ ու դեգերում է տարբեր մայրաքաղաքների և օտար օրակարգերի միջև:
Աբսուրդ է, սակայն «խաղաղության դարաշրջանից» շարունակ խոսող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տարեվերջին տարբեր մտացածին պատրվակներով հրաժարվեց Բրյուսելի ու Մոսկվայի հանդիպումներից՝ բանակցային գործընթացը մտցնելով փակուղի ու պատերազմի վերսկսումը դարձնելով միանգամայն իրական:
Դրա մասին, ի դեպ, կառավարության՝ ընթացիկ տարվա վերջին նիստում խոստովանել է անգամ Փաշինյանը: Բոլոր նախանշանները կան՝ պնդելու, որ
Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ ԼՂ-ում՝ ասում է նա:
Ու առնվազն տարակուսելի է, որ նման բան ասող մարդը վերջին մեկ ամսվա ընթացքում «բարեհաջող» փախչում է բանակցություններից...
Վահրամ Բագրատյան