Մահվան գազելներից ազատվեցինք, ընկանք մեռյալ այլ դաշտ. երեկոյան ավտոբուս գտնելն անհնար է

Մահվան գազելներից ազատվեցինք, ընկանք մեռյալ այլ դաշտ. երեկոյան ավտոբուս գտնելն անհնար է
Լրագրող Վոլոդյա Հովսեփյանը MediaHub-ին ահազանգում է, որ երեկոյան ժամերին անհնարին է դառնում մայրաքաղաքի Ա կետից Բ կետ հասնելը։
Վոլոդյայի խոսքով՝ երեկ 75 համարի երթուղայինը գտնելը գրեթե հնարավոր չէր։
«Փակ շուկայի մոտ կանգառում ժամը 20։40-ի սահմանում սպասել եմ 75 համարին, 50 րոպե սպասել եմ, հետո միայն ավտոբուս նստել։ Խայտառակ վիճակ է, բնական է, որ կարող ես բարկանալ, որովհետև որևէ պլան գծել հնարավոր չէ նման ժամային գրաֆիկով աշխատող հասարակական տրանսպորտի պայմաններում։ Մահվան գազելներից ազատվեցինք, ընկանք մեռյալ այլ դաշտ»,- պատմեց լրագրողը։
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն էլ MediaHub-ին փոխանցեց, որ որոշ ուշացումների պատճառը խցանումներն են։ «Խցանման խնդիրներից բոլորս ենք տեղյակ, մեր հիմնական ուղղությունները Կենտրոնով են անցնում, և Կենտրոնն էլ ծանրաբեռնված է, ուշացումների պատճառը միայն խցանումներն են, որոնք կարող են ուշացումը հասցնել մինչև 30 րոպեի»,- ասաց Մանուկյանը։
Դիտարկմանը՝ քաղաքացին ավտոբուսի վարորդից հետաքրքրվել է, թե որն է ուշացման պատճառը և պատասխան է ստացել, որ մեքենա չկա, վերջինս արձագանքեց․«Եկեք չհավատանք վարորդին, չեմ ուզում որևէ մեկին վատաբանել, բայց նման բան չկա»։
Վոլոդյա Հովսեփյանին, սակայն, անհանգստացնում է վարորդի նման պատասխանը. «Օրինակ՝ մինչև ընտրություններ ուշացումներ չկային, ստացվում է՝ ընտրությունից առաջ մեքենա կար, հիմա չկա՞»։
Ամեն դեպքում, Մանուկյանը խոստացավ ճշտել, թե որն է եղել 75 համարի երթուղայինի ուշացման պատճառը։ Մանուկյանը նաև պատրաստակամություն հայտնեց փոխանցել ավտոբուսի մեկնման և ժամանման համապատասխան գրաֆիկը։
Լիաննա Թորոսյան