Սադրում են, բայց մերոնք սադրանքին չեն խաբվում․ ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը

Հրադադարի խախտումների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները կրում են պարբերական բնույթ։ Սահմանամերձ բնակավայրերը դարձել են խոցելի։ Ադրբեջանական դիրքերը, որոնք տեղակայված են հայկական բնակավայրերին մոտ բարձունքներում, խախտում են գիշերվա լռությունը, կրակում տների տանիքներին։ Հայկական ռազմական գերատեսչությունն այսօր էլ հերքեց ադրբեջանցիների տարածած հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17։00-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 04։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Խնածախի բնակիչները լսել են, որ հրաձգությունը եղել է ադրբեջանական կողմից։
«Մենք արդեն հասկացել ենք՝ երբ իրենք կրակում են, հաջորդ օրը հաղորդագրություն են տարածելու, թե իբր մենք ենք խախտել հրադադարը։ Երեկ գիշեր էլ են կրակել, ճիշտ է, նախորդ օրվա պես սարսափելի չէր, բայց կրակել են։ Ես տանը չեմ եղել, հարսս ասաց, որ երեկոյան 10-ի կողմերն են կրակել, հետո՝ ժամը 12-ի սահմաններում, երրորդ անգամ՝ ուշ գիշերին արդեն ես եմ լսել։ Անկանոն կրակել են»,- MediaHub-ին ասում է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակիչը` նշելով, որ մերոնք, ըստ էության, պատասխան կրակ չեն բացում՝ իրավիճակն ավելի չսրելու համար։
MediaHub-ը կապ հաստատեց նաև Գեղարքունիքի մարզի Սոթք և Ճամբարակ, Վահան բնակավայրեր։ Բնակիչներն ասացին, որ անցած և նախորդ գիշերները, հիմնականում կեսգիշերն անց կրակում են, բայց ոչ բնակավայրերի ուղղությամբ։
«Սադրում են, բայց մերոնք սադրանքին չեն խաբվում։ Գիտեն, որ կրակեն, ադրբեջանցիները կպատասխանեն ավելի մեծ զինատեսակներով»,- ասաց Վահան գյուղի բնակիչը։
Ցավոք, բոլորը կանխատեսում են, որ այսպես էլ շարունակվելու է, թշնանու ձեռագիրը չի փոխվում։
Հունան Թադևոսյան