Որոնք են ոսպի օգտակար հատկությունները և հակացուցումները

Որոնք են ոսպի օգտակար հատկությունները և հակացուցումները

Ոսպը շատ օգտակար է եւ խորհուրդ է տրվում տարեկան օգտագործել 2-3 կիլոգրամ, բայց ոչ ավելի հաճախ, քան շաբաթը 2 անգամ: Այն հարուստ է սպիտակուցներով՝ 25-35 տոկոս, որի պարունակությունը մանրասերմերի վրա ավելի բարձր է: Պարունակում է նաեւ պղինձ, ցինկ, կալիում, ֆոսֆոր եւ այլ միկրոտարրեր, օսլա, ճարպ, օմեգա 3, 6, ինչպես նաեւ B խմբի գրեթե բոլոր վիտամինները, վիտամիններ PP, A, ճարպայուղեր:

Հայտնի է, որ ցինկը եւ ֆոսֆորը օգտակար են տղամարդկանց, հատկապես, եթե ոսպը պատրաստված է սոխով եւ լոլիկի մածուկով կամ նեխուրով: Մեկ բաժին պատրաստված ոսպը պարունակում է մեկ օրաբաժնի համար 90 տոկոս պարունակությամբ ֆոլաթթու:

Բժշկության մեջ օգտագործվում են հիմնականում ոսպի սերմերը: Հայկական բժշկության մեջ ոսպն օգտագործել են կերակրափողի խոցերի, հազի, աչքի, ականջի բորբոքումների, աչքի սպիտակափառության, զարկերակային արյան ճնշման բարձրացման, մաշկային ցաների, նշիկների բորբոքումների, ոսկրացավի, լյարդի հիվանդությունների, բարորակ եւ չարորակ ուռուցքների, մարսողական ուղու բորբոքումների, լույծի բուժման համար:

Ոսպը, որքան էլ որ օգտակար է, ունի նաեւ հակացուցումներ: Չի կարելի այն օգտագործել հոդատապի` պոդագրայի ժամանակ, երիկամների միզաթթվային դիաթեզի, միզասեռական համակարգի հիվանդությունների ժամանակ: Ինչպես նաեւ ցանկալի չէ օգտագործել աղեստամոքսային տրակտի, ենթաստամոքսային գեղձի, սրտանոթային համակարգի եւ լեղապարկի հիվանդությունների դեպքում: Ուստի, եթե որեւէ հիվանդություն ունեք, ցանկալի է սննդակարգի ընտրության հարցում խորհրդակցել բժշկի հետ: