Միլիմետրի տարբերությամբ «ասկոլկան» չխրվեց սրտիս մեջ, այն մինչ օրս սրտիս մոտ է 

Միլիմետրի տարբերությամբ «ասկոլկան» չխրվեց սրտիս մեջ, այն մինչ օրս սրտիս մոտ է 

7 ամիս առաջ այս օրերին Արցախում խուճապ ու իրարանցում էր։ Սեպտեմբերի 20-ին հայտարարված զինադադարից հետո մարդիկ հայտնվել էին անելանելի իրավիճակում։ Փակ էին Ստեփանակերտը մյուս շրջաններին կապող ճանապարհները, հեռախոսակապ չկար, անհետ կորածների անունները րոպե առ րոպե ավելանում էին, մեր տղաների դիերը դեռևս գտնվում էին դիրքերում, կյանքը կանգ էր առել շրջաններում։ 

Այս ամենի հետ բնակավայրերի հրետակոծությունների պատճառով Արցախն ունեցավ բազմաթիվ վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։ 

«Առավոտյան գյուղում չէի, երբ գյուղապետը զանգեց, ասաց, որ իրադրությունը լարված է, կեսօրին մոտ հետ եկա ու միանգամից գնացի իրենց տուն։ Թեյ էինք խմում, երբ սկսվեցին պատերազմն ու միանգամից Կարմիր գյուղի հրետակոծությունը։ Պատերազմի առաջին րոպեներին խփեցին դպրոցի տնօրենի տանը, տանիքը փլվեց։ Գյուղում խուճապ առաջացավ, դրա համար կանայք, երեխաներն ու ծերերը պատսպարվեցին ապաստարաններում։ Աշխարհազորը բանակի զինանձնակազմի հետ կռիվ էին տալիս, որ կասեցնեն թշնամու մուտքը բնակավայրեր»,- MediaHub-ին պատմում է Կարմիր գյուղի 49-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանը։

Նա զինվորական չէ, բայց չէր կարող ձեռքերը ծալած նստել ու սպասել հրաշքի։ Զինվորականներին ամեն կերպ պետք էր աջակցել, դրա համար բոլորը դարձան հայրենիքի պաշտպան։

«Փորձեցինք օգտակար լինել, ինչով հնարավոր էր։ Հեռվից նկատեցինք թշնամու հարյուրավոր զորքին, որ մեկ գծով առաջանում էր դեպի Սզնեքի անտառներ։ Միանշանակ է, որ մտնեին բնակավայրեր, ինչ էին անելու բնակիչների հետ։ 5 հոգով առաջացանք, որ պաշտպանենք գյուղը»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

Արմենի խոսքով՝ կրակն անգամ մեկ րոպեով չէր դադարում, իսկ մեր բանակն ու աշխարհազոր ուժերը պատասխան հարվածներ ու կորուստներ էին պատճառում թշնամուն։ Դրան զուգահեռ՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով հրթիռակոծում էին գյուղը, թիրախավորում բնակելի տները։ Կարմիր գյուղի հրթիռակոծության ժամանակ վիրավորում է ստացել նաև Արմենը։

«Սնարյադները պայթում էին կողքիս։ Կողոսկրերս ջարդվեցին, բեկորային վիրավորւմներ ստացա, բայց ամենաշատն անհանգստացա, երբ սիրտս կուչ եկավ։ Առաջին օգնությունը, որ ցուցաբերվեց ինձ, մեր գյուղացի Սոնիկինն էր. նա մշակեց վերքերս ու վիրակապեց։ Ի դեպ, ավելի ուշ նրա որդիներն էլ բենզինի պահեստում էին վիրավորվել, Աստված պահել է»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Ու քանի որ բեկորային վիրավորումը կրծքավանդակի շրջանում էր՝ սրտին մոտ, դրա համար դիմել են շտապ օգնությանը։

«Ես սկզբում բացատրում էի վիճակս, որ ավելի շատ մասնագիտական խորհուրդ տան, բայց շտապ օգնության աշխատակիցն ասաց, որ կգան իմ հետևից։ Եվ քանի որ իրադրությունը գնալով վատանում էր, այդ ժամանակ նաև որոշեցինք գյուղը տարհանել։ Տղաս՝ Անգելը, մեր գյուղապետի մեքենայով հանեց 3 ընտանիք։ Ոչ մի ապահով տեղ չկար Արցախում, բայց նախընտրեցինք բնակչությանը դուրս բերել հրետակոծվող գյուղից, որովհետև ադրբեջանցիները հեռահար հրթիռներով հարվածում էին ու առաջանում դեպի մեր ուղղությամբ։ Ես էլ նստեցի մեքենան ու գնացի։ Կես ճանապարհին հանդիպեցինք իմ հետևից եկող «սկորիին», կանգնեցրինք, ինձ տեղափոխեցին այնտեղ։ Բուժանձնակազմը սրսկում արեց ու տեղափոխեց հիվանդանոց»։ 

Արմեն Պետրոսյանից առաջ դիպուկահարի կրակից վիրավորում է ստացել նաև համագյուղացի Գեղամ Մանվելյանը։ Արմենն անգամ այս ամենից հետո չի կորցրել հումորը, ասում է՝ յուրաքանչյուր ամսի 19-ին զանգում ու շնորհավորում է ընկերոջը երկրորդ ծնունդի առթիվ։

«3 օր առաջ շնորհավորեցինք իրար 7 ամսականի առթիվ»,- ասում է ու ծիծաղում է, թե՝ հումորն է, որ ապրեցնում ու առաջ նայելու ուժ է տալիս իրեն։ 

Մեր զրուցակիցը մյուս ծանր վիրավորների հետ Հայաստան է տեղափոխվել Կարմիր խաչի ուղեկցությամբ։ «Միլիմետրի տարբերությամբ «ասկոլկան» չի խրվել սրտիս մեջ, բայց չնայած վիրահատություններին ու երկարատև բուժումներին, այն դեռ սրտիս մոտ է։ Արցախում և Հայաստանում բժիշկները կյանքս փրկելու համար արել են ամեն ինչ։ Բայց 8-րդ հիվանդանոցում մի բժիշկ կա՝ Արմինեն, նրան եմ շնորհակալ իմ կյանքի համար»,- եզրափակեց նա։

Հունան Թադևոսյան