Ուսումնաճանաչողական այցերի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ն հյուրընկալել է 1500-րդ այցելուին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող ուսումնաճանաչողական այցերի շրջանակներում հունվարի 11-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հյուրընկալել է 1500-րդ այցելուին:
Շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանի կրթական հաստատություններից նախարարությունում հյուրընկալվում են աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ:
Այցելուներին հնարավորություն է ընձեռնվում գործնականում ծանոթանալ ԱԳՆ գործունեությանը, պատմությանը և ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններին, իրենց հարցերն ուղղել բանախոսներին:
Խմբերն այցելում են նաև Հայաստանի դիվանագիտական դպրոց, որտեղ նրանց ներկայացվում են դպրոցի կողմից իրականացվող՝ դիվանագիտական կադրերի պատրաստման ու վերապատրաստման ծրագրերը և հետագայում կրթության հնարավորությունները: