Ադրբեջանը կբացի միջանցքը, որ կանխի ՄԻԵԴ-ի՝ անհապաղ միջոց կիրառելու որոշումը․ Սիրանույշ Սահակյանը

Ես ունեմ դրական կանխատեսում, որ մինչեւ Եվրոպական դատարանի կողմից հնարավոր որոշման կայացման ամսաթիվը, ամենայն հավանականությամբ Ադրբեջանը կբացի Լաչինի միջանցքը, որպեսզի կանխի միջազգային դատական ատյաններում այս հարցի վերաբերյալ հակաադրբեջանական որեւէ որոշման կայացումը․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու եւ Լաչինի միջանցքը բացել պարտադրելու պահանջով։ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ ՄԻԵԴ-ը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև դեկտեմբերի 19-ը, Ֆրանսիայի ժամանակով -ժամը 16։00-ն, պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո կկայացնի վերջնական որոշում:
Սիրանույշ Սահակյանը շեշտում է՝ Ադրբեջանը կփորձի ժամանակավորապես դատական մարմիններին հեռու պահել այս գործից, որպեսզի խնդիրը մնա քաղաքական տիրույթում, որտեղ ինքը առավելություններ Հայաստանի նկատմամբ։ Արցախում գազամատակարարման վերականգնումը, Սահակյանը ինչ-որ իմաստով պայմանավորում է նաեւ ՄԻԵԴ-ի որոշմամբ։ Ասում է՝ ինքնին այն հանգամանքը, որ դատարանը միջանկյալ միջոց կիրառելու մեր խնդրանքը անմիջապես չի մերժել, արդեն իսկ խոսում է այն կիրառելու բարձր հավանականության մասին։
«Պրակտիկայում, երբ խնդրանքը՝ անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ ներկայացվում է, դատարանը կարող է մերժել, անմիջապես բավարարել, կամ հավելյալ տեղեկություններ պահանջել։ Այս դեպքում չմերժելը վկայում է այն մասին, որ դատարանը խնդրով հետաքրքրված է, միջոցի կիրառումը տեսնում է իր մանդատի շրջանակում, ավելին՝ կան հիմնավոր փաստեր, որոնք վկայում են անդառնալի վնասների մասին։ Գազամատակարարման վերականգնումը իհարկե կապ ունի նաեւ քաղաքական գործընթացների հետ։ Ազդեցիկ պետությունների բարձրաստիճան ղեկավարներ, կառույցներ կոչ են արել՝ անհապաղ վերականգնել, ինչպես նաեւ բացել միջանցքը»,-ասաց Սահակյանը՝ նշելով, որ խնդիրը բազմակողմանի հասկանալու նկատառումներից ելնելով ՄԻԵԴ-ը լրացուցիչ հարցադրումներ է ուղղել պատասխանող պետությանը՝ Ադրբեջանին, նախքան հայկական պահանջի ակտի կայացումը։
«Ադրբեջանական կողմը, դա գիտակցելով, նպատակահարմար է գտնում այդ իրավունքի խախտումները վերացնել այն ժամանակահատվածում, որի մեջ ինքը պարտավոր է դատարանին տեղեկատվություն տալ ու վստահ եմ, որ փորձելու է դրական տեղեկատվություն հաղորդել, որպեսզի կանխի անհապաղ միջոց կիրառելու ՄԻԵԴԻ-ի որոշման կայացումը։
Հիշու՞մ եք՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, երբ քննարկման առարկա էր դառնում «Հաղթանակի զբոսայգու» թանգարանի նմուշների հեռացումը, դատավարության շրջանակներում ադրբեջանական կողմը հեռացրեց որոշ նմուշներ եւ միջազգային փաստաբանական թիմը, այդ փաստի վրա հենվելով, համոզում էր դատարանին՝ անհապաղ միջոց կիրառելու խնդրանքը այդ մասով մերժել»,-նշեց նա՝ հավելելով, որ ադրբեջական նույն ձեռագիրն է։
Լիա Սարգսյան