Բրիտանիան խորհրդակցել է Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի հետ հանդիպմանն ընդառաջ

Բրիտանական կողմը խորհրդակցել է ուկրաինական կողմի հետ՝ նախքան Սաուդյան Արաբիայում Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունների հանդիպումը, գրել է «The Times»-ը։
Պարբերականը նշել է, որ մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել ուկրաինացի պաշտոնյաների եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի միջեւ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը նման վերջին հանդիպման մասին հայտնել է մարտի 9-ին. Փաուելը զրուցել է գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։ Փաուելը խոսել է նաև իր ամերիկացի գործընկեր Մայք Ուոլցի հետ Ուկրաինայի մասին։
«The Times»-ը գրել է, որ Փաուելը, հավանաբար, խորհուրդ է տալիս Կիեւին ցույց տալ, որ արձագանքում է Վաշինգտոնի խնդրանքներին։
Ինքը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, Ուկրաինայի հարցերը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, ովքեր այս շաբաթ կմեկնեն ԱՄՆ։ Սթարմերը բարձրացրել է Կիեւին ԱՄՆ հետախուզական տվյալների փոխանցումը վերականգնելու անհրաժեշտությունը, որն այժմ առնվազն մասամբ կասեցված է:
«CNN»-ը և «Fox»-ը հայտնել են, որ Ուկրաինան ստանում է միայն իր պաշտպանության համար անհրաժեշտ տեղեկատվությունը։ Մարտի 10-ի գիշերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը «գրեթե» վերսկսել է Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրումը։