Ե՞րբ Արթուր Հովհաննիսյանը Էդգար Ղազարյանից ներողություն կխնդրի

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննսիյանը պետք է 1 միլիոն դրամ վճարի Էդգար Ղազարյանին և ներողություն խնդրի նրանից։
Fidelis Law Firm իրավաբանական ծառայությունը, մասնավորապես, հայտնել է.
«Եվս մեկ հաղթանակ Էդգար Ղազարյանին վիրավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցչի դեմ գործով: Դատարանը, հիմք ընդունելով մեր փաստաբանական թիմի փաստարկներն ու հիմնավորումները, պարտավորեցրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին ներողություն խնդրել Էդգար Ղազարյանից։ Պատգամավորը անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Էդգար Ղազարյանի հասցեին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ: Միաժամանակ Արթուր Հովհաննիսյանը Էդգար Ղազարյանին կվճարի 1 միլիոն ՀՀ դրամ որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում»:
Արդյո՞ք Արթուր Հովհաննիսյանն արդեն ներողություն խնդրել է և վճարել է 1 միլիոն դրամը Էդգար Ղազարյանին․ MediaHub-ը կապ հաստատեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։
«Դատարանի վճիռը դեռ նոր է կայացվել, և սա առաջին ատյանի դատարանի վճիռն է, այսինքն, Հովհաննիսյանը դեռ մեկ ամսյա ժամկետ ունի բողոքարկելու համար։ Չգիտեմ՝ նա այդ իրավունքից կօգտվի, թե ոչ, բայց Հովհաննիսյանն բողոքարկելու իրավունքն ունի։ Եթե նա բողոքարկի, վճիռն ուժի մեջ չի մտնի, կտա Վերաքննիչ դատարան, ու այնտեղ որոշում կկայացվի։ Այս պահին նա իրավունք ունի դեռևս չկատարի և բողոքարկի»,– նշեց Ղազարյանը։
Հարցին, եթե ՔՊ-ական պատգամավորը չբողոքարկի, ապա, այդուհանդերձ, ներողություն կխնդրի՞ նրանից, քանզի մենք ունենք դեպքեր, երբ անգամ դատարանի վճիռը ՔՊ-ականները հաշվի չեն առնում: Ղազարյանը պատասխանեց, որ եթե Հովհաննիսյանը չբողոքարկի, և վճիռը մտնի ուժի մեջ, ապա ներողության տեքստը դատարանն իր վճռի մեջ գրել է, թե ինչ տեքստով պետք է դա արվի, ինչպես նաև 1 միլիոն ՀՀ դրամի չափով փոխհատուցում վճարի։
Այդուհանդերձ, եթե չարվի, ի՞նչ կանի Էդգար Ղազարյանը. «Դատարանի որոշումը չկատարելը քրեական հանցագործություն է, դա քրեական հետևանքներ է առաջացնելու։ Դատարան չենք դիմում այդ դեպքում, այլ, նախ, կդիմենք Հարկադիր կատարման ծառայություն, որ ապահովեն վճռի կատարումը, և եթե Հարկադիր կատարման ծառայությունը չապահովի, այդ ժամանակ հաղորդում կտանք Դատախազություն հանցագործության մասին, որ քրեական հետապնդում նախաձեռնվի։ Օրինակ՝ Ռուստամ Բաքոյանի մասով վերջնական է վճիռը, որովհետև իրենք Վճռաբեկ էլ էին դիմել, և Վճռաբեկը գործը վարույթ չի ընդունել, այսինքն՝ դատական բոլոր ինստանցիաներով իրավունքի պաշտպանությունը սպառվել է, և Ռուստամ Բաքոյանը պարտավոր է իր պարտավորությունը կատարի և՛ ֆինանսական մասով, և՛ ներողություն խնդրի, իսկ Արթուր Հովհաննիսյանը դեռ ժամանակ ունի բողոքարկելու»։
Մարիաննա Արամյան