Էսկալացիան աճում է․ ի՞նչ կտան բանակցությունները

Էսկալացիան աճում է․ ի՞նչ կտան բանակցությունները

 

Այսօր պատերազմի 5-րդ օրն է։
Չնայած հայտարարված բանակցություններին, որոնք ուկրաինական ու ռուսական պատվիրակությունների միջև մեկնարկելու են այսօր առավոտյան, էսկալացիան աճում է։
Ռուսաստանի բանակը նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրամանով երեկվանից անցել է ծառայության հատուկ ռեժիմի: Պուտինի խոսքով, նա այդ որոշումն է կայացրել, հաշվի առնելով Ռուսաստանի հասցեին Արևմուտքի ղեկավարների ագրեսիվ հայտարարությունները:


Շոյգուի և Գերասիմովի հետ զրույցում Պուտինը նաև նշել է, թե «արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողությունների են դիմում տնտեսական ասպարեզում»:Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն երեկ Բրյուսելում հայտնել է, որ Եվրոպական միությունը որոշել է ամբողջությամբ փակել օդային տարածքը Ռուսաստանի համար:


Եվրամիությունում չեն բացառում նաև նավահանգիստները ռուսական նավերի համար փակելու հնարավորությունը, սակայն որոշում դեռ չկա: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտարարել է, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի միջուկային զսպման միջոցները բարձր զգոնության բերելու մասին որոշումը «գոյություն չունեցող սպառնալիքներ ստեղծելու» շարունակությունն է:


Մի կողմից, ռուսական ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները, մյուս կողմից Արևմուտքի աննախադեպ կոշտ պատժամիջոցները նպաստում են էսկալացիայի խորացմանը։
Եթե նույնիսկ առաջիկա ժամերին կամ օրերին Կիևը նվաճվի ռուսների կողմից ու այնտեղ հաստատվի Մոսկվային լոյալ կառավարություն, ճգնաժամը չի հաղթահարվելու։ Միլիոնավոր ուկրաինացիներ չեն հաշտվելու այդ իրականության հետ ու ամիսների ընթացքում ձևավորելու է ուկրաինական դիմադրություն։ Ցանկացած պարագայում պետք է երկխոսություն ու լուծում։
Մյուս կողմից, Մոսկվային չեն կարող կանգնեցնել արևմտյան պատժամիջոցները, որովհետև կայսրություններն ունեն իրենց տրամաբանությունը, որը հեշտ չէ «կոտրել»: Ի դեպ, Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոկը երեկ խոստովանել է, որ պատժամիջոցների արդյունավետության հարցում պետք չէ պատրանքներ ունենալ։


Քաղաքական փոխզիջման առաջին հնարավորությունը բաց թողնվեց, երբ Մինսկ-2-ի պայմանավորվածությունները անկյուն մղվեցին պաշտոնական Կիևի կողմից։
Հիմա քաղաքական կարգավորման, թերեւս, վերջին հնարավորությունն է, երբ դեռ Արևմուտքը, Կիևը, Մոսկվան կարող են գալ համաձայնության։ Իրական համաձայնության, որը մի կողմից, Ուկրաինայի վերնախավի մոտ կվերացնի եվրաատլանտյան ինտեգրման ցնորամիտ պատրանքները, մյուս կողմից Ուկրաինայի համար կերաշխավորվեն ինքնիշխանության միջազգային երաշխիքներ, որոնք անվտանգային մտահոգություններ չեն առաջացնի Մոսկվայում։
Քաղաքական կարգավորման այլընտրանքն Ուկրաինայի անխուսափելի կապիտուլյացիան է ու «եվրոպական Վիետնամի» հեռանկարը Ռուսաստանի համար։

 

Վահրամ Բագրատյան