Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում կանգնեցված Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի դիմաց տեղի է ունեցել ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունից:
Արարողությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՀԱԵ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր։
Արարողությանը նախորդել է Մոսկվայի ՀԱԵ Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում մատուցված պատարագը, որի ավարտին կատարվել է Բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասցած նահատակների։
Նշենք, որ արարողության ավարտին դեսպան Վ․Հարությունյանն Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է թեմին կից գործող «Տապան» թանգարան, որտեղ բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախորդ դարասկզբին լույս տեսած համաշխարհային մամուլի անդրադարձերին։