Ամենասարսափելի ապրումը սիրելի մարդուն կորցնելու վտանգն էր ու անորոշությունը, որ ապրեցինք պատերազմի 2 օրվա ընթացքում

Ամենասարսափելի ապրումը  սիրելի մարդուն կորցնելու վտանգն էր ու անորոշությունը, որ ապրեցինք պատերազմի 2 օրվա ընթացքում

«Պատերազմում ամենասարսափելին սիրելի մարդուն կորցնելու վախն էր,  հավաստի լուրերի բացակայությունն ու այն անորոշությունը, թե ի՞նչ ելքով պիտի ավարտվի պատերազմը։ Ամուսինս դիրքերում էր, նրա մասին ինչ ասես, որ չլսեցինք»,-MediaHub-ին պատմում է Արցախի Կոլխոզաշեն գյուղից տեղահանված, Արտաշատում ապաստանած Սոնա Ազիզյանը։ 
Սոնան Ճարտարից է հարս գնացել Կոլխոզաշեն։ Զինվորական ամուսնու՝ Նաիրի Մաթևոսյանի հետ ամուսնացել է 2019-ին։ Մեկ տարի անց լույս աշխարհ է եկել Մարկը։


«Մենք երջանիկ ծնողներ էինք ու ապագայի հանդեպ ունեինք մեծ երազանքներ, որը պատերազմի հետ փշուր-փշուր եղան։ Տեղահանությունից հետո արդեն 7 ամիս է անցել, բայց մեր ընտանիքը հիվանդանոցների ու վերականգնողական կենտրոնների ճանապարհին է։ Հիմա մեր հիմնական նպատակը Նաիրիի ապաքինումն է»,-պատմեց կինը։

Նաիրի Մաթևոսյանը 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ տանն էր, 14-օրյա հերթափոխից հետո հանգստյան օրեր էին։ Կինն ասում է՝ մինչ ռազմական գործողությունների վերսկսելը անհանգիստ էր, անընդհատ խոսում էր հեռախոսով, բայց գնալու  հստակ հրաման չկար։ 

«Կեսօրին պատերազմը սկսվեց ու Նաիրին առանց երկար մտածելու արագ-արագ հավաքվեց, ասաց, որ գնում է։ Նույնիսկ չհասցրեց հրաժեշտ տալ։ Մենք գնացինք ապաստարան։ Կես ժամ անց զանգեց, ասաց, որ հասել է Մսմնա։ Ինքն այնտեղ էր հերթապահում։ Հետո ամբողջ գիշեր անհասանելի էր։ Մեր անհանգստությունն ավելի էր կրկնապատկվում, որովհետև Մարտունու դիրքերում նաև Նաիրիի եղբայրն էր՝ Նվերը։ Մեզնից կախվածն աղոթելն էր, որ երեխաս առանց հայր չմեծանա, որ Նաիրին ու Նվերը ողջ տուն վերադառնան»։
Սոնայի համար ամենածանրը ոչ թե անքուն անցկացրած սեպտեմբերի 19-ի գիշերն էր, այլ հաջորդ օրը, երբ կրակի դադարից հետո դիրքերից կոլխոզաշենցի տղամարդիկ կամաց-կամաց սկսեցին իջնել, իսկ Մաթևոսյան եղբայրներից լուր չկար։

«Հետո մարդիկ գալիս ու հարցնում էին տղերքից, առավել շեշտադրված՝ Նաիրիից։ Մեկն ասաց, որ ինքը տեղյակ է՝ վիրավոր է, մյուսներն ուղղակի հարցեր էին տալիս։ Գնացինք գյուղամեջ, այնտեղ իմացա, որ Նաիրիին ծանր վիճակում տեղափոխել են Մարտունու հիվանդանոց»։

28-ամյա Նաիրի Մաթևոսյանի կողքին թշնամու կողմից արձակված հեռահար հրթիռը պայթել է այն ժամանակ, երբ նա փորձել է նստել իրեն կցված «ՈՒՐԱԼ» մակնիշի ավտոմեքենան։ Տեղում նա ստացել է բեկորային բազմաթիվ վնասվածքներ։

«Վնասվել է ձախ ոտքն ու ձեռքը։ Արյունը չէր կանգնում։ Նրան տեղափոխել են Մարտունու հիվանդանոց։ Այնտեղ ասել են, որ ոտքը պետք է հեռացնեն ու շտապ պետք է տեղափոխեն Ստեփանակերտ։ Այնտեղ բժիշկները մաքրել են վերքերը, ոտքը հնարավորինս հավաքել ու Կարմիր խաչի միջնորդությամբ ծանր վիրավորում ստացած զինծառայողների հետ ուղարկել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, հետո հաշվի առնելով լուրջ վիճակը նրան տեղափոխել են Ֆրանսիա։ Ոտքը հավաքել են երկաթներով, հնարավոր է էլի վիրահատեն», -ասաց մեր զրուցակիցը, նշելով, որ Նաիրին 7 ամսվա մեջ արդեն 6 անգամ վիրահատվել է։  Սոնայի համար դժվար է, բայց և երիտասարդ կինը չի թուլանում։ Հավատում է, որ եթե Աստված խնայել է ամուսնուն ու եղբորը, ապա նրանք դեռ անելիք ունեն։

«Շատ դժվար էր գաղթը՝ առանց Նաիրիի։ Մեր մեծ մեքենայով մեզ հետ դուրս ենք բերել ևս 3 ընտանիքի։ Մեքենայի հետևից կապել ու «բուքսիրով» Հայաստան ենք բերել նաև Նաիրիի մեքենան, հազիվ տանելով ադրբեջանցիների ծիծաղը, որի ձայնն առ այսօր դեռ իմ ականջներում է։ Իսկ այս պահին աշխատում ենք Նաիրիին օր առաջ վերակագնելու ուղղությամբ։ Բժիշկներն ասել են՝ հնարավոր է 7-րդ վիրահգատություն լինի, եթե ոսկորները չաճեն»։
 
Կինն այսօր Զինվորի տուն է գնացել և պայմանավորվել, որ Նաիրիի առողջականով զբաղվեն նաև վերականգնող թերապևտները։ 

Սոնան ասում է, որ եթե ամուսինն  ու եղբայրը  փրկվել են հրաշքով, ապա հավատում են, որ նույն հրաշքով էլ Նաիրին ոտքի կկանգնի։

Հունան Թադևոսյան