ՔՊ-ն մանրամասնեց, թե ովքեր են հինգերորդ շարասյան ներկայացուցիչները

Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները չեն կարող չկատարվել։ Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին վստահ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ու սա այն դեպքում, երբ ԱԺ-ում Կռավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հենց Փաշինյանն էր հայտարարել, որ իր հանձնարարականը չի կատարվել։

«Պարզապես կարող են թերանալ։ Թերություններ, իհարկե, կան։ Դա բազմիցս արձանագրվել է։ Եվ մենք հետամուտ ենք, որ այդ թերությունները բացահայտվեն»,- նշեց նա։

Հարցին, թե Սյունիքի մարզի Տեղ համայնքի հետ կապված հանձնարարականը կոնկրետ երբ է տրվել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ հանձնարարականները տրվում են այնտեղ, որտեղ քննարկվում են իրավիճակները։

«Դրանք կարող է ԱԽ նիստի ժամանակ լինել։ Երեկ մենք քննարկում ունեինք, որին մասնակցում էր ԳՇ պետը։ Եվ ընդդիմությունն ուներ հարցեր տալու հնարավորություն։ Բայց հանձնարարականի լինելու մասին հարց չհնչեց։ Ես չեմ կարող ասել, թե երբ է տրվել հանձնարարական, բայց չտրվել չէր կարող։ Հանձնարարականը, բնականաբար, եղել է ադրբեջանցիների առաջխաղացումից առաջ»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ երբ ընդդիմությունը քաղաքական իշխանությանն է մեղարդում Տեղում տեղի ունեցածի համար, ևս մեկ անգամ ի ցույց է դրվում ընդդիմության էությունը։

«Երեկվա փակ հանդիպման ժամանակ ընդդիմությունը տեղեկացավ, թե ինչպես են դեպքերը եղել։ Եվ եթե ընդդիմությունն ասում է, որ ոչ թե սադրանքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից, այլ նշում, թե ՀՀ քաղաքական ղեկավարությունն է մեղավոր, մենք կրկին գործ ունենք հինգերորդ շարասյան գործունեության հետ»,- նկատեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։