Փաշինյանի «պագոնավոր» խոսափողը

Փաշինյանի «պագոնավոր» խոսափողը

Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանն է, ով ջանք չի խնայում՝ ԼՂ խնդրում Փաշինյանի պարտվողական քաղաքականությունը պաշտպանելու համար: 

Արցախից «ձեռքերը լվանալու» «նուրբ արվեստը» 

«Հիմա ՀՀ-ի գլխին ավելի շատ ամպ է կուտակվել, քան Արցախի, հիմա ՀՀ սահմաններն են ներխուժում, իսկ ԼՂ-ում ռուս խաղաղապահներն են, այնտեղ հիմա լռություն է: Այսօր Հայաստան կորցնելու խնդիր ունենք, պետք է դրա մասին խոսենք և Հայաստանի խաղաղության հարցը տարանջատեք Արցախի խնդրից: Արցախը կարող է բանակցել Բաքվի հետ, ի՞նչ է եղել. Դավիթ Բաբայանը ճարտար լեզու, սևեռուն գաղափարներ ունի, թող գնան երկխոսեն, ինչո՞ւ են պատասխանատվությունը գցում ՀՀ-ի վրա: Մեր թիկունքում Արցախն Ադրբեջանի ու ՌԴ-ի հետ խոսում է, թող խոսեն և պատասխանատվությունը չգցեն ՀՀ-ի վզին»,- ասել է Մելքոնյանը՝ ցինիզմով բացահայտելով այն ակնհայտ փաստը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իրեն այլևս պատասխանատու չի համարում Արցախի ու արցախցիների ճակատագրի համար: 

Իշխանություն՝ Արցախի դիմաց 

Գագիկ Մելքոնյանն, փաստացի, բացահայտում է Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական քաղաքականությունը, այսպես կոչված՝ Պրահայի գործընթացի էությունը, որտեղ Փաշինյանն, ըստ էության, բանակցում է սեփական իշխանությունը երկարաձգելու համար՝ դրա դիմաց զիջելով Արցախը ու տարածաշրջանից հեռացնելով Ռուսաստանին:

Վահրամ Բագրատյան