Ադրբեջանը պահանջում է խաղաղության պայմանագիրը ստորագրել հենց նոյեմբերի 9-ին

Ադրբեջանը պահանջում է խաղաղության պայմանագիրը ստորագրել հենց նոյեմբերի 9-ին

Ադրբեջանը պահանջ է ներկայացրել Փաշինյանին՝ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի հենց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի կապիտուլյացիայի օրը:  

MediaHub-ի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, պահանջը Փաշինյանին ներկայացվել է դեռ օգոստոս ամսին: Փաշինյանը ռուսական կողմին է խնդրել, որպեսզի  համոզեն Ալիևին հրաժարվել կոնկրետ այդ օրը պայմանագիր ստորագրելու մտադրությունից: Հայաստանի իշխանությունները համաձայնել են, որ պայմանագիրը կստորագրվի մինչև նոյեմբերի վերջ, Ադրբեջանի պահանջներն ընդունել են, ինչի մասին երեկ հստակ հայտարարվեց նաև Պրահայում, բայց զուտ իրենց վարկանիշի վրա բացասական ազդեցություն չթողնելու համար այժմ դիվանագիտական բոլոր խողովակներով Փաշինյանը փորձում է հասնել նրան, որ դա տեղի չունենա այդ օրը:

Մեր աղբյուրը նշեց, որ այս պահին պարզ չէ՝ Ալիևը կհամաձայնի Փաշինյանի աղերսանքին, թե՝ ոչ, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը հայտնի է իր՝ սիմվոլիզմի հանդեպ թուլությամբ: Իսկ հաղթանակը 44-օրյա պատերազմում ու դրանից հետո երկու տարի շարունակվող մղձավանջում ուժեղ խաղաքարտ է երկրի ներսում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարդ լինելու մասին հիշատակումները ու բողոքի ալիքները ճնշելու համար:

Հաշվի առնելով վերջին շրջանում ՀՀ իշխանությունների անթաքույց հակառուսական տրամադրությունները, Հ1-ի եթերում գրեթե ամեն օր ընդգծված հակառուսական քարոզչություն իրականացնող գործիչների ելույթները՝ Լևոն Շիրինայն, Դավիթ Սանասարյան և այլք, Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում «հավաստի աղբյուրի» անվան տակ Ռուսաստանի հասցեին հնչեցրած լուրջ մեղադրանքները՝ Մոսկվան կա՛մ դեռ պատասխան չի տվել, կա՛մ մերժել է Ալիևին միջնորդել հայկական կողմի համար այդ զգայուն հարցում:

Գուցե Փաշինյանին օգնության հասնի ԱՄՆ-ն իր միջնորդությա՞մբ: