«Էական ոչինչ չի փոխվել»․ աղետի գոտին մեկ ամիս անց

Ուղիղ մեկ ամիս առաջ` մայիսի 26-ին, տեղացած ուժեղ անձրևներից հետո Դեբեդ գետի վարարման պատճառով հեղեղվել էին Ալավերդի քաղաքն ու Լոռու մարզի մի շարք բնակավայրեր։ Մեկ ամիս անց աղետի գոտում էական ոչինչ չի փոխվել։ Այս մասին MediaHub-ին ասացին Ալավերդու բնակիչները։
Առաջին իսկ օրից կամավորական աշխատանքներին լծված Նոնա Խաչատրյանն ընդգծում է․ «Միայն կոմունիկացիաներն են վերականգնվել։ Երկատված քաղաքը կամուրջներով նորից միավորվել է, տեղադրվել են էներգամատակարարման ու ջրամատակարարման համակարգեր, քաղաքը մաքրվել է նախ տիղմից, ապա՝ փոշուց։ Բայց այդ աշխատանքները դեռ շարունակվում են։ Բնակարաններ կորցրած բնակիչներն առայժմ վարձակալական հիմունքներով ապրում են տարբեր քաղաքներում»։
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ վերականգնվել է դեպի Վրաստան՝ ջրհեղեղից տուժած երկաթգիծը, սակայն աղետի գոտում շինարարական խոշորածավալ աշխատանքներ դեռ չեն իրականացվում։
«Հույս ունենք, որ նոր թափով կսկսվեն մարդկանց բնակարանների վերանորոգման և կամ նորի կառուցման աշխատանքները։ Այս պահին քաղաքում նույն տրամադրությունն է։ Միակ լավ բանն այն է, որ կանխվել է համաճարակի բռնկումը»,- ասաց նա։
Մի քանի րոպեի ընթացքում ամեն ինչ կորցրած բնակիչները հույս ունեն, որ պետությունը կփոխհատուցի կորցրածի դիմաց։
Սամվել Գևորգյանի տունը ևս մնացել է ջրի տակ։ Սակայն տան համար այնքան չի ափսոսում, որքան այգու, որն այս տարի առաջին բերքը պիտի տար։
«Մեծ ներդրում էի արել, մի քանի տարի առաջ պտղատու ծառեր էի ավելացրել, մի մասում բանջարաբոստանային կուլտուրաներ էինք մշակում, բերքատու հող էր։ Հիմա այգուս տեղում միայն գետի հետ եկած ծառեր ու քարեր են։ Մի քանի օր առաջ էլ կարկուտ եկավ։ Չգիտեմ՝ սա ինչ բան է մեր գլխին»,- նշեց նա։
Նշենք, որ մայիսի 26-ի գիշերը Դեբեդի վարարման հետևանքով ջրհեղեղի մեջ է հայտնվել Լոռու մարզի շուրջ 40 բնակավայր։ Բնակելի շենքերն ու տները գետին շատ մոտ են կառուցված, ջուրը րոպեների ընթացքում լցվել է մարդկանց բնակարանները։ Որոշ տեղերում ջրի մակարդակը մինչև 2 մետր բարձրության է հասել։ Գետը քշել-տարել է մարդկանց գույքը, կենցաղային տեխնիկան և անգամ անասնագոմերում գտնվող կենդանիներին։ Ցավոք, ունեցանք նաև զոհեր՝ չորս մարդ մահացավ:
Աղետի գոտում մարդիկ դեռ ուշքի չեն գալիս։
Հունան Թադևոսյան