Ոստիկանները ծխախոտով մարդու քիթ են վառել, ինչո՞ւ չեն պատժվել․ Զոհրաբյանը՝ փաստաբանների պահանջի մասին

Փաստաբանների պահանջը շատ օրինաչափ է. ի՞նչ են ասում նրանք, ասում են՝ մեր գործընկերոջ նկատմամբ բռնություն իրականացրած ոստիկաններին մեկուսացրեք աշխատանքից, իրենց լիազորությունները դադարեցրեք, որովհետև բռնություն են գործադրել ոչ միայն փաստաբանի նկատմամբ, այլ նաև խոշտանգում են իրականացրել, ծխախոտով մարդու քիթ են վառել։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը՝ խոսելով փաստաբանների եռօրյա գործադուլի մասին։
«Մեր պահանջն արդար է, ասում ենք՝ այդ բռնարարների լիազորությունները դադարեցրեք, քրեական գործն էլ կքննվի կպարզվի՝ մեղավոր են, թող պատասխանատվություն կրեն, բայց փաստացի, ոստիկանության համակարգն այսօր սա չի անում, որն էլ մեր կարծիքով բռնության հովանավորում է։ Այս պատճառով էլ փաստաբանները Կառավարության ուշադրությունն են ուզում հրավիրել ստեղծված իրավիճակի վրա, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականն են պահանջում»,-ասաց նա։
Գործողության արդյունավետության մասին խոսելիս վերջինս ընդգծեց, որ բողոքի ձայն են բարձրացնում և եթե այն արդյունք չունենա, ապա այլ քայլերի կդիմեն։
«Փաստաբանները նաև այլ գործընթաց են նախաձեռնում, «Փաստաբանության թշնամի» տիտղոս տալ և հանրությանը ներկայացնել բոլոր նրանց անունները, որոնք օրենքին դեմ են աշխատում։ Մենք չենք հանդուրժելու բռնությունները և որքան էլ բարձր տեղերից այն հովանավորվի, չի ստացվելու»,-նշեց Զոհրաբյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ եռօրյա գործադուլից հետո նստելու են, քննարկեն, վերլուծեն ու հասկանան, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը։
Հիշեցնենք, փաստաբանները պահանջում են ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը, և այդ պահանջով հայտարարվում է եռօրյա գործադուլ՝ հուլիսի 11-ից 13-ը:
Լիաննա Թորոսյան