Փաշինյանի «օգնական» Աննա Վարդապետյանը ոչ մի կերպ չկարողացավ հերքել, որ ինքը քաղաքական պատվեր չի կատարում

Նախկին նիկոլական Հովիկ Աղազարյանը, որը, մեր մեջ ասած, դեռ շարունակում է մի որոշ չափով մնալ հոգով նիկոլական, այսօր իր անձնական զոհողության գնով ի ցույց դրեց նիկոլական արդարադատության մերկությունն ու փչացվածությունը։
Ի պաշտոնե՝ գլխավոր դատախազ, իսկ հոգով, սրտով Նիկոլ Փաշինյանի նախկին ու մշտական օգնական Աննա Վարդապետյանը, որ այսօր ԱԺ էր եկել Փաշինյանի հորդորները մերժած ու ՔՊ-ի «դահիճների» ձեռքում հայտնված Հովիկ Աղազարյանին «կառափնարան» տանելու միջնորդությամբ, այսօր չկարողացավ որևէ կերպ հերքել, որ սա քաղաքական հետապնդում չէ, ինքն էլ քաղաքական պատվեր չի կատարում։
Գերազանցիկ ուսանողի դեմքով ԱԺ ամբիոնի մոտ միջնորդություն ներկայացնող տիկին դատախազի իրավական հիմնավորումները անմիջապես փլվում էին պատգամավորների հստակ քաղաքական հարցադրումների ներքո, որոնց Աննա Վարդապետյանը ոչ մի հստակ պատասխան չէր կարողանում տալ։ Իրավական հիմնավորումներով քրեական գործեր միշտ բոլորի, անգամ նոր ծնված երեխայի հանդեպ կարելի է հարուցել, եթե դրա համար կա քաղաքական որոշում։ Այլ բան է, որ դու, լինելով «պրոֆեսիոնալ իրավաբան», կարողանաս այդ ամենն այնպես իրավաբանորեն հիմնավորես, որ անգամ ակնհայտ քաղաքական պատվերի պարագայում քեզ լսողները հավատան, որ դա մաքուր իրավական գործընթաց է, ոչ թե զուտ քաղաքական հետապնդում։
Բավական է միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին Աննա Վարդապետյանի «տված» պատասխանները լսել ու ամեն ինչ պարզ կդառնա, որ տիկին դատախազը չի կարողանում հերքել, որ ինքը քաղաքական պատվեր չի կատարում։
Նախ, սկզբում Գեղամ Մանուկյանը, հետո էլ Ագնեսա Խամոյանը բառացի հիշեցրին դատախազ Վարդապետյանին, որ Հովիկ Աղազարյանը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ վայր դնել մանդատը, դրա համար էլ ինքն այսօր այստեղ է, որ զրկի Աղազարյանին անձեռնմխելիությունից։
Խամոյանը նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հետ իր հարցուպատասխանը, որտեղ նա Աղազարյանին մեղադրել էր իբրև թե պետական գաղտնիք բացահայտելու մեջ, բայց այսօր դատախազը այդ կարևոր հարցը թողած՝ ինչ-որ ոչխարների գործով է եկել ԱԺ։
«Սա, փաստորեն, Ձեզ համար հիմք չի՞ հանդիսացել՝ հաղորդում հանցագործության մասին, թե՞ մենք հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ ինչպես այդ դրվագով, այդպես բազմաթիվ այլ դրվագներով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է և զրպարտել է»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը։
Աննա Վարդապետյանն էլ, փոխանակ հարցին պատասխանի, ասաց, թե ինքը քաղաքական հայտարարություններ չի անում, ինքը ներկայացրել է միջնորդագիր, և դրա հետ կապ չունեցող ապացույցի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնելու։
«Տիկին դատախազ, Դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, բայց Դուք քաղաքական պատվեր եք կատարում»,- արձագանքեց Խամոյանը՝ բառացի մեջբերելով Աղազարյանի մասով Փաշինյանի հայտարարությունը․ «Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական և այլ լծակներ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմցի տրված մանդատից զրկելու համար»։
Ապա եզրափակեց․ «Դուք հիմա կատարում եք քաղաքական պատվեր, տիկին Վարդապետյան»։
Վարդապետյանը նորից հիշեցրեց՝ քաղաքական հայտարարությանը չի արձագանքում։ Այսինքն՝ պատգամավորն երկրի գլխավոր դատախազին ուղիղ մեղադրեց քաղաքական պատվեր կատարելու մեջ, ինչն անվազն ամոթի ու խայտառակության զգացում պետք է առաջացներ յուրաքանչյուր իրեն հարգող դատախազի մոտ, որ իր գործողությունների արդյունքում մարդիկ կան, այն էլ՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, իր մասին այդպիսի կարծիք է կազմել, բայց «գերազանցիկ» տիկին դատախազը չկարողացսվ որևէ հակափաստարկ բերել, թե ինչով ինքը պատվեր չի կատարում։
Մյուս պատգամավորների հարցադրումների մեջ ևս այս թեզը շրջանառվում էր, որ եթե չլիներ Փաշինյանի անձնական ցանկությունը, դատախազը 2023 թվականին հարուցված գործը չէր թարմացնի ու չէր գա խորհրդարան՝ Հովիկ Աղազարյանի հետևից։ Եվ Աննա Վարդապետյանն այս ամենին որևէ հիմնավոր հակափաստարկ չէր բերում, որ մարդկանց մոտ գոնե մի տոկոսով կոտրվեր այդ համոզմունքը, որ սա քաղաքական պատվեր չէ։ Վստահաբար, նույնը նաև վաղը ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի գործով է լինելու։ Նրա վերաբերյալ գործն էլ դեռ յոթ տարի առաջ էր հարուցվել ու մինչ օրս դարակում նեխում էր, ու հանկարծ հիմա՝ Գյումրու և Փարաքարի ընտրություններից առաջ և 2026-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող տարում Փաշինյանը որոշեց հիշել այդ գործի մասին ու Աննա Վարդապետյանի ձեռամբ ասպարեզ նետել՝ իր ընտրազանգվածին հերթական տեսարաններով կերակրելու։
Վահե Մակարյան