Ի՞նչ է խոսելու Փաշինյանը
Նկատելի է, որ ուկրաինական ճգնաժամի ժամանակ բավականին զուսպ կեցվածք են որդեգրել Ուկրաինայի ավանդական դաշնակիցները` Վրաստանն ու Մոլդովան։
Նրանք, իհարկե, զորակցում են Ուկրաինային, սակայն չեն միացել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին։
Գործ ունենք պրագմատիկ հաշվարկի հետ։ Թբիլիսիում ու Քիշնևում պետական էլիտաները հասկացել են, որ իրենց երկրների անվտանգությունն իրապես կարող են ապահովել Մոսկվայի նկատմամբ լոյալության ռեժիմում` Արևմուտքի հակառուսական «ճակատ» դառնալու փոխարեն։
Հայաստանին դժվար է Ուկրաինայի դաշնակից համարել, բայց մեր երկիրը ռազմավարական, դաշնակցային գործընկերություն ունի հակամարտության մեջ ներքաշված այլ երկրի՝ Ռուսաստանի հետ։
Սրանով հանդերձ, նկատելի է, որ Հայաստանի իշխանությունն այս օրերին առավելագույնն անում է՝ Արևմուտքի ու Ռուսաստանի հակադրության մեջ չներքաշվելու, դրա մասնակիցը չդառնալու համար։ Սա, իհարկե, ճիշտ մարտավարություն է, այլ խնդիր է, թե Երևանն ինչքանով կարող է հետևողական լինել այս քաղաքականության հետապնդման հարցում, եթե հաշվի առնենք Հայաստանի միակողմանի տոտալ կախվածությունը Ռուսաստանից
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ ծավալեց Ուկրաինայում, Հայաստանի իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները, կառավարող կուսակցության պատգամավորներն այս հարցով «լռության րոպե» են հայտարարել՝ թերևս զգուշանալով որևէ անզգույշ հայտարարությամբ փչացնել հայ-ռուսական կամ Հայաստան- Արևմուտք հարաբերությունները։
Ուկրաինայի հարցում Հայաստանի չեզոքության քաղաքականությունը վիճահարույց չէ, այլ խնդիր է, որ չեզոքությունը հնարավոր չէ տևական ժամանակ նույնացնել «լռության րոպեի» հետ։ Օրինակ, Ղազախստանը ռուս- ուկրաինական հակամարտության գործընթացում նույնպես չեզոքություն է պահպանում, սակայն ակտիվ ռեժիմում։ Այդ երկրի նախագահը ոչ միայն պարբերաբար կարևորում է հակամարտության լուծման դիվանագիտական ճանապարհը, այլ նաև առաջարկում է ռուս- ուկրաինական բանակցություններ կազմակերպել Աստանայում և այլն։ Կարծում ենք՝ սա ավելի ճիշտ մարտավարություն է։
Այսօր ԱԺ-ում կառավարության անդամները պատասխանելու են պատգամավորների հարցերին։ Անշուշտ, Փաշինյանին հարց է տրվելու նաև ռուս- ուկրաինական պատերազմի մասին։
Հետաքրքրիր է՝ ի՞նչ է խոսելու Փաշինյանը։
Տիգրան Գալստյան