Ցեղասպանության ժամանակ մեզ ձեռք մեկնողին ավելի քիչ օգնեցինք, քան՝ մեզ ցեղասպանածին․ Հարությունյան

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո մենք երկու տարբեր իրողությունների ականատես եղանք։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը Սիրիային մի անգամ օգնություն ուղարկեց 25 տոննայի չափով, մի անգամ՝ 30, իսկ Թուրքիա առաջին անգամ 100 տոննա օգնություն ուղարկվեց, իսկ երկրորդ անգամ ուղարկված օգնության չափը չի հայտարարվում։

«Էդ ո՞նց եղավ, որ ցեղասպանության ժամանակ մեզ օգնած, մեր ժողովրդին օգնած Սիրիային ավելի քիչ օգնություն ենք տրամադրում, քան՝ մեզ ցեղասպանած Թուրքիային։ Էդ ո՞նց եղավ, որ քո թշնամի երկրի հանդեպ ավելի սրտացավ ես, քան քո բարեկամ երկրի»,- նշեց նա։

Ըստ Հարությունյանի՝ ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորմանը, ապա այդտեղ որևէ վատ բան չկա, եթե դու դրանից ավելի շատ ստանում ես, քան՝ տալիս։

«Մեր մոտ կա մի ծայրահեղություն, որ հանրության մի հատված Թուրքիայից սարսափում է, մյուս մասը՝ երանության մեջ ընկնում, երբ լսում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Կա հարց՝ դու ի՞նչ ես զիջում, ի՞ նչ ես ստանում այդ կարգավորումից»,- նշեց նա։

Հարությունյանը հիշեցրեց՝ ամիսներ առաջ թուրքական կողմի բանագնացը հայտարարություն էր արել, որը մեր կողմից արձագանք չստացավ։

«Նա ասել էր՝ Արևմուտքը պետք է ճիշտ գնահատի հայ-թուրքական հարաբերությունների հարցը՝ հաշվի առնելով, որ Հայաստան-Արևմուտք հարաբերությունները կախված են Թուրքիայից։ Արդյո՞ք այս մասով մեր իշխանությունն ունի իր հաշվարկները»,- հարց հնչեցրեց քաղաքական գործիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։