Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Արամյանցի դղյակ (լուսանկարներ)

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Արամյանցի դղյակ (լուսանկարներ)

MediaHub.am-ը  շարունակում է իր  հետևորդների ուշադրությանը  ներկայացնել  Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի եռեսունիններորդ տեսարժան վայրը  Արամյանցի դղյակն է։

Թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի 122-ամյա տունը, որն Ախթալայի հպարտությունն է, այսօր արդեն հասանելի է զբոսաշրջային այցելությունների համար:

Վրաց իշխան Բարաթովը պարտքեր ուներ և կալվածքը գրավ էր դրել պետական հողային բանկում։ Չկարողանալով մարել պարտքերը և չկամենալով էժան կորցնել կալվածքը՝ Բարաթովը դիմում է Միքայել Արամյանցին և նրանից մեծ գումար փոխ առնում բանկի պարտքը մարելու համար։ Բայց Բարաթովը խաղամոլ էր և վատնող, այդ գումարն էլ է փոշիացնում ու բանկի տոկոսները չի վճարում։ Պետական բանկն այս ամենի պատճառով աճուրդի է հանում կալվածքը։ Որպեսզի իր տված գումարը չկորչի, Արամյանցը վճարում է բանկի տոկոսները և գնում կալվածքը։

1898 թվականին Արամյանցը Բարաթովից գնած հողամասում շվեյցարական ոճով դղյակ կառուցում։

Լոռու մարզի Ախթալա համայնքում է գտնվում Արամյանցի դղյակը, որը Վանաձորի Թաիրովների դղյակից բացի միակ պահպանված դղյակն է Հայաստանում։ Շվեյցարական ոճով կառուցված դղյակ, որը ոչ միայն տեսքով, այլ նաև իր պատմությամբ է առանձնանում. այստեղ է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը։ Արամյանցի դղյակում է եղել Հայաստանում առաջին թենիսի կոռտը։

Շվեյցարական ոճով կառուցված այդ հոյակերտ դղյակը շատ բան է ասում XIX դարավերջում հայկական ազնվական ընտանիքների նիստուկացի, գործունեության մասին: Ժամանակին այն ոչ միայն Արամյանցների համար է որպես հանգստյան տուն ծառայել, այլև դարձել է հայ մտավորականության հավաքատեղի: Այստեղ տարբեր ժամանակներ հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Հայրիկ Խրիմյան Կաթողիկոսը, նշանավոր օպերային երգիչ Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Մեժելայտիսը և այլք։