Ընդդիմությանը պետք է քաղաքական նոր բովանդակություն՝ արդարացումների փոխարեն

Ընդդիմությանը պետք է քաղաքական նոր բովանդակություն՝ արդարացումների փոխարեն

«Կարծում եմ՝ պայքարը շարունակելու այդ մեծ թափանիվը ընթացք տալու համար յուրաքանչյուր գործողություն իր ժամանակն ունի և պետք հասունանա։ Այդ պայքարը կամաց-կամաց թափ է հավաքում։ Այդ պայքարը նաև կախված է այն իրավիճակից, որը գոյություն ունի տարածաշրջանում և Հայաստանի շուրջը»,- օրերս ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Գործիչն արձագանքել է արտախորհրդարանական շրջանակներից խորհրդարանական ընդդիմությանը հասցեագրված մեղադրանքին, թե իրենք մանդատ են ստացել իշխանափոխության համար, սակայն «խելոք» աշխատում են՝ ԱԺ-ում։


Օհանյանի «պայքարը կամաց-կամաց թափ է հավաքում» արտահայտությունը նման է արդարացման, որի իմաստն, ըստ իս, չկա։ Բլիցկրիգային իշխանափոխության օրակարգը հետպատերազմյան Հայաստանում պարտվել է՝ սկզբում փողոցում, հետո՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ։ Հատկապես՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որտեղ հասարակության մեծամասնությունն արձանագրեց, որ իշխանափոխության օրակարգը մերժում է։
Էլեկտորալ տրամադրությունների նման խճանկարում, այն էլ՝ ընտրություններից ընդամենն ամիսներ անց, անիմաստ է ընդդիմությանը մեղադրել, որ իշխանափոխություն տեղի չի ունենում։ Նման բան տեղի ունենալ չի էլ կարող, որովհետև հանրային կոնսենսուս կամ որակյալ կոնսոլիդացիա այս հարցում գոյություն չունի։


Խորհրդարանական ընդդիմության սխալն է, որ սկսում է «արդարանալ»։
Պետք է հասարակությանը շատ անկեղծ ասել, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո իշխանափոխության բլիցկրիգային սցենարը սպառված է։ Մյուս կողմից, հասարակությանը պետք է ներկայացնել քաղաքական ընդդիմության նոր բովանդակություն, օրակարգ։ Եթե ԱԺ-ում ներկայացված ընդդիմությունն այդ օրակարգը չառաջարկի, ժամանակի ընթացքում դա անելու է արտախորհրդարանական ընդդիմությունը։ Բովանդակային վակուումը տևական լինել չի կարող։

Վահրամ Բագրատյան