Հավաքականի ֆուտբոլիստը թիմի օգտին չի խաղում, յուրաքանչյուրն ուզում է, որ գոլն ինքն անի․ վերմակն ամեն մեկն իր կողմ է քաշում, պետք է այս խնդիրը լուծել․ Արման Աբելյան

Մենք ունենում ենք շատ հակագրոհներ, բայց եզրափակիչ փուլում փոխանցումները չեն կատարվում, ֆուտբոլիստը թիմի օգտին չի խաղում, յուրաքանչյուրն ուզում է, որ գոլն ինքն անի։ Ամեն մեկն իր թիմում գոլ խփում է, բայց հավաքականում՝ վերմակն ամեն մեկն իր կողմն է քաշում․ պետք է այս խնդիր լուծել։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց մարզական մեկնաբան Արման Աբելյանը՝ խոսելով Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպման և նախորդ խաղերի արդյունքների մասին։
Նշենք, որ Հայաստան-Շոտլանդիա պատասխան խաղը կկայանա հունիսի 14-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20։00-ին, մեր հարկի տակ։
Աբելյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ՝ մենք մեկ լիգա բարձրացել ենք՝ Բ լիգայում ենք և մեր մրցակիցներն ավելի ուժեղ են։
«Վերջին երկու խաղերի պարտությունները պայմանավորված են մարզչի ռոտացիայի չդիմելով, որովհետև մենք Իռլանդիայի հետ խաղից երեք օր անց Շոտլանդիայի հետ խաղացինք ու կազմում ընդամենը մեկ փոփոխություն էր տեղի ունեցել։ Շոտլանդիան այդ խաղից մեկ շաբաթ առաջ էր հանգստացել, իսկ մեր ֆուտբոլիստները հոգնած էին ու դժվարությամբ խաղին մասնակցեցին։ Իսկ Ուկրաինա-Հայաստան խաղում ավելի լավ ենք խաղացել, առաջին խաղակեսում գոլեր չեղան, երկրորդում՝ մեր սխալի պատճառով էր։ Մարզիչը կազմում փոփոխություններ էր արել և սա երևաց»։
Խոսելով սպասվող հանդիպման մասին՝ Աբելյանն ընդգծեց, որ մեծ դեր են խաղալու նաև եղանակային պայմանները, ինչպես եղավ Իռլանդիայի հետ խաղի ընթացքում։
«Եթե եղանակը անհարմար եղավ Շոտլանդիայի համար, սա մեր օգտին կծառայի։ Շոտլանդիան ուժեղ թիմ է, ռեսուրսները մեծ են և կազմում հաճախ փոփոխություններ են լինում, մեր դեպքում սա բարդ է, դիրքեր կան, որ մենք համարժեք ֆուտբոլիստներ չունենք։ Մեզ մեկ բան է նաև խանգարում, որտեղ նաև մարզիչի բացը կա․ մեր գրոհների եզրափակումը»,- մեկնաբանեց Աբելյանը։
Լիաննա Թորոսյան