Արցախի մշակույթը Հայաստանի բեմում

Արցախի մշակույթը Հայաստանի բեմում

Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը պատրաստվում է համերգի։

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանի խոսքով՝ բռնի տեղահանումից հետո, սոցիալական խնդիրներին զուգահեռ, գրեթե ամեն օր փորձասենյակում են։ Այժմ էլ պատրաստվում են համերգի։ 

Համոզված են, որ հայ հանդիսատեսին կգոհացնեն իրենց կատարումներով։ 

«Փորձերը շարունակվում է համերգի համար, որ Արցախի մշակութային կոլեկտիվները պիտի հանդես գան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մենք նաև առաջարկ ունենք այստեղի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ համատեղ համերգ ներկայացնելու՝ Վարդան Բադալյանի մասնակցությամբ։ Իսկ նվագախմբի հետագան անկանխատեսելի է, և չգիտենք՝ ինչ կլինի»,- MediaHub-ի հետ զրույցում մանրամասնեց Սարդարյանը։  

Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբ ՊՈԱԿ-ը համալրված է արհեստավարժ երաժիշտներով, ովքեր տարիներ շարունակ հայկական ու արտասահմանյան բարձրարժեք երաժշտություն են ներկայացրել արցախցի հանդիսատեսին։

Ամբողջ շրջափակման ընթացքում տասնյակ համերգներ են կազմակերպվել Ստեփանակերտում և շրջաններում, այդպիսով բարձր պահել Արցախում ազգային երաժշտարվեստի հանդեպ հանրության հետաքրքրությունը։ 

Նվագախումբն այժմ աշխատում է հասարակական հիմունքներով։ Հարցին, թե արդյոք հնարավոր է միավորվել ՀՀ համանուն կոլեկտիվի հետ, Լևոն Սարդարյանը պատասխանեց. «Դա կարող է տարբերակներից մեկը լինել, բայց ցանկալի է, որ նվագախումբը պահվի, չգիտեմ՝ ինչպես»։

Հունան Թադևոսյան