Առաջին փուլի ավարտը 

Առաջին փուլի ավարտը 

Պայմանականորեն երեկվա հանրահավաքը կարելի է համարել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման առաջին փուլի ավարտը:

Սա մի փուլ էր, որը դարձյալ պայմանական կարելի է կոչել բլիցկրիգային մարտավարության շրջան, երբ Սրբազանն ու նրա թիմը փորձում էին փողոցի միջոցով հասնել արագ լուծումների՝ Փաշինյանի հրաժարականի կամ իմպիչմենթի:

Այս փուլը, անշուշտ, ունեցել է հաջողություններ, մասնավորապես՝ տեսանելիորեն բացահայտել է, որ Փաշինյանի թիմն այլևս չունի հասարակության մեծամասնության աջակցությունը: Մյուս կողմից, բլիցկրիգային մարտավարությունը շարժմանը հաջողություն չբերեց:

Ի՞նչ անել, այսպես ասած, «կրիտիկական զանգված» ունենալու համար:

Տեսանելի ճանապարհը շարժման ինստիտուցիոնալիզացիան է: Բագրատ Սրբազանն ասում է՝ մարզեր է գնալու: Գուցե նպատակներից մեկը դա է:

Մյուսը՝ արդյո՞ք Սրբազանը մտադիր է քաղաքական գնահատական տալ նախորդ պատմաշրջանին: Սա շատ կարևոր է՝ հասարակական լայն համախմբում կազմակերպելու համար:

Եվ վերջապես, պատրա՞ստ է արդյոք խորհրդարանական ընդդիմությունն օգնել Սրբազանին վիճակը «թեժ» պահելու հարցում, օրինակ՝ հրաժարվել մանդատներից:

«Ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու քննարկումները շատ են  եղել, հավատացե՛ք մարդիկ կառչած չեն մանդատներից: Վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի։ Անիմաստ կերպով մանդատ վայր դնելն ինչի՞ է ծառայելու»,- ասում է Բագրատ Սրբազանը:

Ակնհայտ է, որ այս հարցում կոնսենսուս չկա, և այլևս դժվար մոտենանք «արդյունավետ ժամանակին»:

Ու թերևս ճիշտ կլինի, որ Սրբազանն իր քաղաքական օրակարգն այլևս չհամաձայնեցնի խորհրդարանական ընդդիմության քաղաքական ժամանակացույցի հետ:

Վահրամ Բագրատյան