Օքսֆորդի գիտնականները ողջ մարդկության տոհմածառն են կազմում

Օքսֆորդի գիտնականները ողջ մարդկության տոհմածառն են կազմում

Օքսֆորդի Մեծ տվյալների ինստիտուտի գիտնականները մեծ քայլ են կատարել ողջ մարդկության տոհմածառը կազմելու գործում: Գենետիկ կապերի նրանց լայնածավալ սխեման թույլ է տալիս աննախադեպ մանրամասնությամբ տեսնել ընդհանուր նախնիներին, նրանց բնակության վայրի մոտավոր ժամանակն ու տեղը, ներառյալ Աֆրիկայից միգրացիան: Հետազոտողների կիրառած մեթոդը կարող է օգտակար լինել բժշկության մեջ, օրինակ՝ հիվանդության ժառանգական ռիսկի գործոնները որոշելու համար։

Վերջին 20 տարիների ընթացքում զգալի առաջընթաց է դիտարկվել գենետիկ հետազոտություններում, հարյուր հազարավոր մարդկանց, այդ թվում՝ նախապատմական դարաշրջանում ապրողների գենետիկ տվյալների բազաների առաջացման հարցում: Այս ամենը հնարավորություն է տվել հետեւել մարդկանց ծագումնաբանությանը եւ նրանց ազգակցական կապերին միմյանց հետ, գրում է EurekAlert-ը։

Մինչ այժմ մարդկության ընդհանուր տոհմածառի հիմնական խնդիրը եղել է տարբեր տվյալների զանգվածից միասնական տվյալների բազայի ստեղծումը, ինչպես նաեւ այդ տվյալները վերլուծելու ունակ ալգորիթմների մշակումը: Նոր մեթոդը, որն առաջարկել են Օքսֆորդի համալսարանի մասնագետները, հեշտությամբ միավորում է տարբեր աղբյուրների տվյալները եւ մշակում միլիոնավոր գեների հաջորդականությունը:

Քանի որ գենոմի առանձին հատվածները ժառանգվում են միայն մեկ ծնողից, գենոմի յուրաքանչյուր տարրի ծագումը կարող է ներկայացվել ծառի տեսքով: Այս ծառերից մի քանիսը գենետիկական շրջանները ժամանակի մեջ կապում են նախնիների հետ, որոնց մոտ առաջին անգամ հայտնվել են գենային այս տարբերակները, հայտնում է HighTech+-ը:

Ընդհանուր առմամբ, հետազոտության մեջ ներառվել են տվյալներ ութ բազաներից, 215 պոպուլյացիայից 3609 առանձին գենետիկական հաջորդականություններ: Հին գենոմների տարիքը տատանվել է 1000-ից մինչեւ 100 000 տարի: Ալգորիթմները հաշվարկել են նախնիների դիրքը տոհմածառի վրա՝ հիմնվելով գենետիկ տեղեկատվության փոխանցման հայտնի օրենքների վրա։ Արդյունքում գրեթե 27 միլիոն նախնի է ստացվել:

Աշխարհագրական տվյալներ ավելացնելով՝ գիտնականները պարզել են, թե որտեղ են ապրել այդ մարդիկ՝ ցույց տալով մարդկության էվոլյուցիոն պատմությունը, ներառյալ Աֆրիկայից արտագաղթը:

Հեղինակները նախատեսում են շարունակել գենետիկական տվյալների ավելացումը՝ այդ գործիքն էլ ավելի արդյունավետ եւ օգտակար դարձնելու համար: Նրանք ասում են, որ այն հեշտությամբ եւս միլիոնավոր գենոմներ կարող է տեղավորել: