Գնալ ԱԺ, թե՞ չգնալ՝ այս է հարցը

Սեպտեմբերի 12-ին կմեկնարկեն ԱԺ աշնանային նստաշրջանի աշխատանքները։
Ընդդիմությունն, ի վերջո, կվերադառնա՞ խորհրդարան․ MediaHub.am-ը հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։ Վերջինս խաղաքարտերը չբացեց, միայն նշեց, որ ինչպես և հայտարարել են, իրենք ԱԺ են վերադառնալու միայն իրենց օրակարգով։ «Նիստերին մասնակցելու ենք միայն այն դեպքում, երբ ինքներս օրակարգ բերված նախագիծ ունենանք, մնացած բոլոր դեպքերում նիստերին չենք մասնակցելու»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Ըստ պատգամավորի՝ իրենց պահանջը չի փոխվել, պայքարը ևս շարունակում է անկասելի մնալ։
Այլ հարցերի պատգամավորը չպատասխանեց, քանի որ Արցախ մեկնելու ճանապարհին է․ այսօր հայկական երկրորդ հանրապետության հռչակման օրն է։
MediaHub-ը հիշեցնում է, որ մամուլն այսօր գրել էր, որ, օրինակ, «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական պատգամավորները, ըստ ամենայնի, առաջիկայում կհայտարարեն, որ շարունակելու են միջազգային պատվիրակությունների հետ խորհրդարանական գործունեությունն ու համագործակցությունը, այսինքն՝ եթե խորհրդարանում որեւէ պետությունից պատվիրակություն հյուրընկալվի եւ ցանկություն հայտնի ընդդիմադիրների հետ հանդիպել, իրենք անպայման կգնան խորհրդարան։
Նարե Գնունի