Ռուբլու արժևորման մեջ Թրամփ-Պուտին հարաբերություններն ու սենտիմենտը կարևոր դեր ունեն․ ԿԲ նախագահ

Ռուբլու արժևորման մեջ Թրամփ-Պուտին հարաբերություններն ու սենտիմենտը կարևոր դեր ունեն․ ԿԲ նախագահ

Արտարժույթի շուկայում վերջին շրջանում ուշագրավ փոփոխություններ են տեղի ունենում։ Մասնավորապես՝ Թրամփ-Պուտին հարաբերությունների ջերմացման ֆոնին սկսել է իր դիրքերն ամրապդնել ռուբլու փոխարժեքը՝ հասնելով մոտ 5 դրամի 1 ռուբլու դիմաց (այսօրվա դրությամբ միջինը 4.8-4.9-ի շրջանում է), իսկ դոլարի փոխարժեքը՝ հակառակը, ոչ արագ, բայց գնալով նվազում է կամ առնվազն չի աճում (այսօրվա դրությամբ 390-ի շրջանում է)։

MediaHub-ն այսօր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է բացատրվում ռուբլու դիրքերի այսպիսի կտրուկ բարելավումը, և արդյոք դա պայմանավորվա՞ծ է Թրամփ-Պուտին հարաբերությունների ջերմացմամբ։

Գալստյանը չհերքեց, որ երկու գերտերությունների առաջնորդների շփումներն ու ջերմացումն են ազդել ռուբլու դիրքերի ամրապնդման վրա։

«Ես կարծում եմ, որ ռուբլու վերջին արժևորման մեջ սենտիմենտը բավականին կարևոր դեր ունի, այսինքն՝ Ձեր նշած դրական սենտիմենտը, որ շուկայում տեսնում են Ուկրաինայի ճգնաժամի հնարավոր արագ հանգուցալուծում, կոնֆլիկտի սառեցում, հարաբերությունների կարգավորում, որը միանշանակ դրականորեն է ազդում ռուբլու փոխարժեքի վրա։ Գիտեք, որ այսօր նաև Թրամփ-Պուտին հեռախոսազրույցն է տեղի ունենալու, ես կարծում եմ՝ դրան ընդառաջ որոշակի սպասումներ կան ձևավորված շուկայի խաղացողների մոտ, ինչն իր դրական ազդեցությունն է ունենում ռուսական ակտիվների գների վրա»,-ասաց ԿԲ նախագահը։

Ինչ վերաբերում է դոլարի փոխարժեքի նվազմանը, ապա Գալստյանը դա պայմանավորեց ամերիկյան ակտիվների նկատմամբ որոշակի տատանողականությամբ, որովհետև, ըստ նրա, փոձում են հասկանալ, թե ինչ է ուզում ԱՄՆ ներկայիս ադմինիստրացիան անի, ուստի այս պահին փորձում են ներդրումները որոշակիորեն զսպել, մինչև տեսնեն հնարավոր զարգացումներն ինչ ուղղությամբ են գնալու։

Վահե Մակարյան