ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը նպատակ ունի բաժանարար գծեր ստեղծել ու մեկուսացնել Ադրբեջանը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուրբաթ ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Բաքվի և Անկարայի երկկողմ հարաբերությունները, նաև Հարավային Կովկասը։
Ալիևը, անդրադառնալով այսօր Բրյուսելում ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպմանը, ընդգծել է, որ «դա Հարավային Կովկասի համար վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում»։
Ադրբեջանի ղեկավարը նշել էա, որ վերջին օրերին և՛ Միացյալ Նահանգների, և՛ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում «փորձել են Բաքվին համոզել, որ այդ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ»։
Ալիևի կարծիքով՝ այս հանդիպումը նպատակ ունի «բաժանարար գծեր ստեղծել» Հարավային Կովկասում ու «մեկուսացնել» Ադրբեջանը։