Երեկ վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ Թորոսյան

Երեկ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում հրադադարի խախտումների հետևանքով վիրավորում ստացած երկու զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին այսօր MediaHub-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Թորոսյանի փոխանցմամբ՝ երկու զինծառայողներն էլ գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 12:10 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Ն. Թ.-ն: Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 5:30 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Ե. Խ.-ն։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել նաև 12-ի՝ ժամը 21:00-ից հուլիսի 13-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։