3 տարի առաջ և՛ Շուշին ընկավ, և՛ Սասունը 

3 տարի առաջ և՛ Շուշին ընկավ, և՛ Սասունը 

Սահակյանների ընտանիքը Արցախից տեղահանվել և հաստատվել են Արտաշատում։ Ցավը խորն է, տիկին Անժելան հազիվ է խոսում տեղահանության և ընտանիքի կորուստների մասին... 2020-ին Շուշին ընկնելուց հետո Ստեփանակերտում էին ապրում, որդու՝ Սասունի շիրիմին մոտ լինելու համար։

«Սասունի մասին Արցախում, մանավանդ Շուշիում, շատերը գիտեն, հերոս էր բառի ամենաուղիղ իմաստով. այդ են վկայում նրա սխրագործությունները, որ նա կատարել է հայրենիքի հանդեպ իր ծառայության ամբողջ տարիների ընթացքում, 2016-ի պատերազմին, 2020-ին։ Սասունը հետախույզ-դիպուկահար էր։ 44-օրյա արհավիրքի ընթացքում 9 անգամ վիրավորվել է, մի քանի անգամ ինքն է իրեն վիրակապել ու նորից շարունակել մարտը։ Վերջին անգամ կապի է դուրս եկել նոյեմբերի 7-ին։ Դիակը դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է 2021-ի հունվարին։ Որդուս մասին, ես չէ, որ պիտի պատմեմ։ Ուղն ու ծուծով սիրում էր Արցախը, երազանքները կապված էին Շուշիի հետ։ Շուշիի կորստով հանգչեց նաև Սասունի կյանքը»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Անժելան։ 

Սասունը հուղարկավորվել է Ստեփանակերտում։ Հաշմանդամ հայրը և մայրը գրեթե  ամեն օր այցելում էին նրա շիրիմին, զրուցում  հետը, կարոտն առնում, թեթևացած տուն վերադառնում։ Փարատվում էին մյուս 4 զավակներով։  

3 տարի անց նորից պատերազմ էր։ Որդու՝ Գրիգորիի ընտանիքը հրաշքով փրկվեց, քանի որ տունը, որտեղ վարձով ապրում էին Շուշիից տեղահանվելուց հետո, հայտնվել էր թշնամու կրակահերթի տակ։

Երբ սեպտեմբերի 20-ին կրակը դադարեց, ընտանիքի անդամների ուրախությանը չափ չկար։ Բայց, կորուստն այս անգամ էլ չշրջանցեց Սահակյաններին. սեպտեմբերի 25-ին Գրիգորին ևս կրակի բաժին դարձավ Հայկազովի պահեստում։ 

Չհասցրեց երեխաներին տեղափոխի Հայաստան։ Փոքր քույրը՝ Ռաիսան է իր մեքենայով սեպտեմբերի 29-ին տարհանել ընտանիքին, իսկ Անժելան վերջիններից մեկն է լքել Ստեփանակերտը, մնացել է այնքան ժամանակ, մինչև ռուս խաղաղապահները խնդրել են դուրս գալ, արդեն վտանգավոր էր։ 

«Էլ ուժ չունեմ, էլ չեմ դիմանում։ Աստված ինձնից տարավ նաև Գագոյիս։ Հույս էի պահում, որ գոնե մի տեղից դուրս կգա, մի հրաշք կլինի, բայց հոկտեմբերի 18-ին ԴՆԹ-ն հաստատվեց։ Բաց վերքիս աղ ավելացավ։ Գագիկի աճյունը 3 շաբաթ է դեռ դիահերձարանում է»,- ընտանիքի կորուստների մասին պատմում է տիկին Անժելան։ 

Այսօր Սասունի հիշատակի օրն է, հուշաքարը՝ Արցախում։ Գրիգորին դեռ չի հուղարկավորվել։ Տիկին Անժելան խնդրում է զինծառայող որդիների համար տեղ հատկացնել Եռաբլուր զինվորական պանթեոնում։  

«Եռաբլուրում տեղ եմ ուզում, որ հուղարկավորեմ Գրիգորիին, եղբոր կողքին Սասունի քարը տեղադրեմ, որ իրար կողք լինի ցավս»,- հավելում է մայրը....

Հունան Թադևոսյան