Ինչ են քննարկել Շահրամանյանն ու Արցախի պատգամավորները, Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրի․ Մամուլը՝ սուրճով

Ինչ են քննարկել Շահրամանյանն ու Արցախի պատգամավորները, Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրի․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Շաբաթվա սկզբին գրել էինք, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո առաջին անգամ Արցախի ԱԺ պատգամավորները մտադիր են ԱԺ նիստ հրավիրել, նախնական պայմանավորվածությամբ՝ այդ նիստը պետք է կայանար երեքշաբթի օրը` նոյեմբերի 28-ին, բայց մինչ օրս չի կայացել։ Ըստ մամուլում տեղ գտած լուրերի՝ նիստի կայանալուն խոչընդոտել է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը, ով մեկ օր առաջ հանդիպել է «Ազատ հայրենիք»-ՔՄԴ խմբակցության պատգամավորների հետ ու խնդրել է նիստը հետաձգել, մինչեւ որոշ հարցեր ճշգրտի։ 

ԱՀ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատում է՝ հանդիպում պատգամավորների եւ Արցախի նախագահի միջեւ, իսկապես, եղել է, բայց Շահրամանյանը, ճիշտ հակառակը՝ խոսել է նիստ հրավիրելու անհրաժեշտության եւ կարեւորության մասին, ինչը, փաստացի, կամրագրի Արցախի պետական ինստիտուտներից գոնե խորհրդարանի գոյության փաստը։ ԱՀ նախագահի եւ խորհրդարանի պատգամավորների հանդիպումը տեղի է ունեցել անցած շաբաթ` պատգամավոր Հակոբյանը կոնկրետ օրը չի հիշում, սակայն հիշում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով նրա այցից առաջ էր: Հիշեցնենք, որ Շահրամանյանն այս հանձնաժողով էր հրավիրված նոյեմբերի 24-ին՝ ուրբաթ օրը։ Իսկ խորհրդարանի՝ նախապես նշանակված երեքշաբթի օրվա նիստը չի կայացել «տեխնիկական» պատճառներով, քանի որ լիագումար նիստից առաջ նախ պետք է գլխադասային հանձնաժողովը նիստ անցկացնի, քննարկի օրակարգային նախագծերը, ապա նոր դրանք մտնեն լիագումար նիստի օրակարգ։

«Նախագահի հետ հանդիպմանն ընդհանրապես նիստ հետաձգելու մասին խոսք չի գնացել, ճիշտ հակառակը՝ նիստ հրավիրելու կարեւորության մասին Շահրամանյանն է ընդգծել։ Մենք` պատգամավորներս, որոշում ենք կայացրել այս շաբաթվա ընթացքում նիստ անցկացնել` շաբաթը չի ավարտվել, ուստի կարիք չկա տապալման մասին խոսել: Այո, երեքշաբթին նախնական պայմանավորվածություն էր, բայց չգումարվեց, քանի որ տեխնիկական խնդիրների պատճառով չհաջողվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ հրավիրել․ հանձնաժողովի անդամները տարբեր ժամանակ եկան, իսկ նախագահը՝ բավականին ուշ, դրանով պայմանավորված՝ որոշում կայացվեց այդ լիագումար նիստը հետաձգել։ Եթե չեմ սխալվում, մշտական հանձնաժողովի նիստն արդեն կայացել է, եւ որեւէ խոչընդոտ չկա, որ ԱԺ նիստ հրավիրենք, շաբաթն էլ առջեւում է, եւ աբսուրդ է, թե նախագահի պահանջով ենք հետաձգել»,- ասաց Հակոբյանը՝ փոխանցելով, որ նախագահի հետ հանպատրաստից են հանդիպել, իրենք Արցախի ներկայացուցչությունում ԱԺ նիստի օրակարգային եւ նախապատրաստական հարցերը քննարկելիս են եղել, երբ Շահրամանյանն իրենց այցի է եկել: Ի դեպ, հանդիպմանը ներկա են եղել Սամվել Բաբայանի կուսակից, ԱԺ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Բաղունցը ու եւս մեկ պատգամավոր՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունից․ «Կարելի է ասել՝ ինֆորմացիայի փոխանակում ենք ունեցել, դա պաշտոնական հանդիպում չէր, որի ընթացքում պետք է որոշում ընդունեինք։ Հիմնական զրույցը ծավալվել է իրավիճակի նկարագրության շուրջ, արցախցիների սոցիալական խնդիրների վերաբերյալ ենք բարձրաձայնել: Ի վերջո, ԱՀ եւ ՀՀ կառավարությունների շփումներից էինք խոսում, որ հարկ եղած դեպքում ինչպես հասցնել խնդիրները, եթե լուծողն այսօր Արցախի կառավարությունը չէ։ Խոսել ենք, այո, նիստ անցկացնելու կարեւորության մասին, մոտավոր օրակարգի մասին, Շահրամանյանը թեեւ խոսել է նիստի կարեւորության մասին, սակայն ասել է, որ մենք պետք է որոշենք օրը եւ ժամը, ինքը չի խառնվելու»։

Հակոբյանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ Սամվել Շահրամանյանն իրենց չի ասել, թե բանակցում է Բաքվի հետ՝ արցախցիների վերադարձի հարցի շուրջ, առավել եւս աբսուրդ է, թե այդ պատճառով կարող էր խնդրել, որ հետաձգեն ԱԺ նիստը։ Հակոբյանը հաստատեց մեր՝ ավելի վաղ հայտնած տեղեկատվությունը, որ առաջիկա նիստի օրակարգում երկու հարց է լինելու՝ նոր պատգամավորների երդմնակալության եւ Արցախի հարցով միջազգային հանձնախմբի ձեւավորման․ «Տեւական ժամանակ է` մենք տարբեր հանձնախմբեր ձեւավորելու վերաբերյալ քննարկումներ ենք ունենում, որոնցում ներգրավված կլինեն ոչ միայն խորհրդարանականներ, այլեւ Հայաստանից ու սփյուռքից հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ եւ այլք, որպեսզի կարողանանք Արցախի հարցը միջազգային խողովակներում լսելի դարձնել»։

Հիշեցնենք․ մենք գրել էինք, որ միջազգային հանձնախումբ ստեղծելու գաղափարը Վարդան Օսկանյանինն է, նրա հետ էլ Արցախի պատգամավորները քննարկում են հարցը: Մետաքսե Հակոբյանն ասաց, որ շատերի հետ են քննարկել։ Ի՞նչ մանդատով է օժտված լինելու ստեղծվելիք հանձնախումբը եւ ի՞նչ առաքելությամբ։ «Առաքելությունը լինելու է որեւէ մեկի օրակարգում չլինելը, որեւէ մեկի օրակարգից դուրս լինելը, ունենալ սեփական օրակարգ, որը հնարավորություն կտա Արցախի հարցը բարձրացնել միջազգային հարթակներում կամ քննարկման թեմա դարձնել։ Հանձնախմբի գործունեության ազդեցությունը կախված կլինի նրանից, թե ովքեր կլինեն ներկայացված հանձնախմբում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանը 2023 թվականին 992 հազար դրամի արժողությամբ դրոշների գնման համար պայմանագիր է կնքել «ԱՄՈՒՐ ԳՍՄ» ՍՊԸ-ի եւ «Մարգարիտ Արծրունյան» անհատ ձեռներեցի հետ, 2 մլն 970 հազար դրամ արժողությամբ էլ դրոշակազարդման ծառայությունների պայմանագիր է կնքել «ԷՄ-ԷՄ Գրուպ» ՍՊԸ-ի հետ:

Երեւան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին առաջարկվող նախագծում «Դրոշների տեղադրում» ծրագրով նախատեսվել է 32 մլն դրամ, ինչը ներառում է ինչպես հատուկ օրերին քաղաքի դրոշակազարդման աշխատանքները, այնպես էլ քաղաքի տարբեր հատվածներում ՀՀ դրոշների տեղադրումը, պարբերաբար փոխարինումը եւ սպասարկումը:

«Փողոցների, հրապարակների եւ այգիների կահավորում» ծրագրով նախատեսվել է 593 մլն դրամ, որի մեջ ներառվում է թվով 450 հատ դրոշակահենքերի պատրաստում եւ տեղադրում։ Ոչ մի քաղաքացու համար նորություն չէ, որ Երեւանում դրոշներ հայտնվում են մայիսի 28-ին, «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը՝ հոկտեմբերի 19-ին, իսկ մեկ անգամ էլ՝ սեպտեմբերի 21-ին։ Հայաստանում դրոշներ կան միայն կարեւոր նշանակություն ունեցող շինությունների ներսում կամ տանիքներին՝ Կառավարություն, Ազգային ժողով, նախարարություններ, դատախազություն եւ այլ պետական կառույցներ։ Տոն օրերին դրոշներ հայտնվում են շրջանաձեւ երթեւեկության հատվածներում եւ կամուրջների վրա։ Նունիսկ այս դեպքերում դրոշներ գնելու համար այսքան գումար երբեւէ չի օգտագործվել։

Հիշեցնենք նաեւ, որ 2019 թվականին Փաշինյանը, մաքսատանը տեսնելով գետին գցած դրոշը, հրահանգել էր ազատել աշխատանքից ՊԵԿ աշխատակցին, բայց հիմա շատ պետական հաստատությունների վրա փողփողացող դրոշները քրքրված են:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՔՊ-ական մի խումբ պատգամավորների եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների հետ փակ հանդիպումը։

Ավելի վաղ գրել էինք, որ Բարձրագույն դատական խորհուրդն ԱԺ-ին է ներկայացրել մեկը մյուսից ունիկալ թեկնածուներ, մասնավորապես՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ավելի ճիշտ՝ ստվերային նախագահ Ռուբիկ Մխիթարյանին, ով 2018-ից այս կողմ քաղաքական հնչեղություն ունեցող գործեր է քննել՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Արմեն Չարչյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ այլոց կալանքի որոշումներն է տվել:

Երկրորդ թեկնածուն Երեւանի քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանն է՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործով դատավորը, ով չխորշեց զոհվածի մորը կալանք տալուց։ Երրորդը վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանն է, ում վճռով ազատ արձակվեց ՔՊ-ական նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը:

Երեկվա հանդիպմանը 20-25 պատգամավոր է մասնակցել, ինչը վկայում է, որ ՔՊ-ն առաջնորդվում է վերեւից ստացած հրահանգներով՝ ում ասեն, նրան էլ կընտրեն։ Թեպետ մեզ խոստովանեցին, որ իշխանության սրտի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այնքան էլ լավ տպավորություն չի թողել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանը 2023 թվականին 992 հազար դրամի արժողությամբ դրոշների գնման համար պայմանագիր է կնքել «ԱՄՈՒՐ ԳՍՄ» ՍՊԸ-ի եւ «Մարգարիտ Արծրունյան» անհատ ձեռներեցի հետ, 2 մլն 970 հազար դրամ արժողությամբ էլ դրոշակազարդման ծառայությունների պայմանագիր է կնքել «ԷՄ-ԷՄ Գրուպ» ՍՊԸ-ի հետ:

Երեւան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին առաջարկվող նախագծում «Դրոշների տեղադրում» ծրագրով նախատեսվել է 32 մլն դրամ, ինչը ներառում է ինչպես հատուկ օրերին քաղաքի դրոշակազարդման աշխատանքները, այնպես էլ քաղաքի տարբեր հատվածներում ՀՀ դրոշների տեղադրումը, պարբերաբար փոխարինումը եւ սպասարկումը:

«Փողոցների, հրապարակների եւ այգիների կահավորում» ծրագրով նախատեսվել է 593 մլն դրամ, որի մեջ ներառվում է թվով 450 հատ դրոշակահենքերի պատրաստում եւ տեղադրում։ Ոչ մի քաղաքացու համար նորություն չէ, որ Երեւանում դրոշներ հայտնվում են մայիսի 28-ին, «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը՝ հոկտեմբերի 19-ին, իսկ մեկ անգամ էլ՝ սեպտեմբերի 21-ին։ Հայաստանում դրոշներ կան միայն կարեւոր նշանակություն ունեցող շինությունների ներսում կամ տանիքներին՝ Կառավարություն, Ազգային ժողով, նախարարություններ, դատախազություն եւ այլ պետական կառույցներ։ Տոն օրերին դրոշներ հայտնվում են շրջանաձեւ երթեւեկության հատվածներում եւ կամուրջների վրա։ Նունիսկ այս դեպքերում դրոշներ գնելու համար այսքան գումար երբեւէ չի օգտագործվել։

Հիշեցնենք նաեւ, որ 2019 թվականին Փաշինյանը, մաքսատանը տեսնելով գետին գցած դրոշը, հրահանգել էր ազատել աշխատանքից ՊԵԿ աշխատակցին, բայց հիմա շատ պետական հաստատությունների վրա փողփողացող դրոշները քրքրված են:

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում՝ սկանդալային պատմություններով։ Վերջերս էլ հայտնի դարձավ, որ ԲՏԱ նախարարությունը մեծ դրամաշնորհներ է տրամադրել գործունեությունը դադարեցրած մի շարք ընկերությունների։ Ռոբերտ Խաչատրյանը նախարար նշանակվեց նախկին նախարար Վահագն Խաչատուրյանի՝ նախագահ դառնալուց հետո` հենց նորանշանակ նախագահի միջնորդությամբ:

Դեռ ամիսներ առաջ տեղեկություններ կային, որ Խաչատրյանին ազատելու են, եւ նա տեղափոխվելու է իր հովանավորի` ՀՀ նախագահի աշխատակազմ: Նրան փոխարինողի նոր անուն է շրջանառվում` չի բացառվում, որ սփյուռքի նախկին նախարար, «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը նշանակվի։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին կավարտի իր աշխատանքը: Աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովը պետք է ամփոփիչ զեկույց հրապարակի՝ ներկայացնելով իր եզրակացությունը եւ պատերազմի հանգամանքների ուսումնասիրության արդյունքները:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:

Զեկույցին կցվում են դրանում նշված փաստերը եւ եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր: Քննիչ հանձնաժողովը պատրաստի ամբողջական զեկույցը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները: Զեկույցը կարող է ունենալ բաց եւ փակ մասեր:

Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաեւ ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով. փակ մասին կարող են ծանոթանալ այն պատգամավորները, որոնք գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, որը նաեւ քննիչ հանձնաժողովի անդամ է հանդիսանում, ասաց, որ հանձնաժողովը վերջնական զեկույցը կներկայացնի լիազորությունների ավարտից 2 ամիս անց: Ստացվում է՝ փետրվարին արդեն ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք է զեկույց ներկայացնի:

Հասկանալի է, որ նրանք նպատակ ունեն Նիկոլ Փաշինյանին մաքրագրել պատերազմի աններելի մեղքերից, միայն դրա համար է Անդրանիկ Քոչարյանը շոուներ բեմադրում: