Սև բերետավորների կողմից զոհված զինծառայողի հոր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը քննության առարկա կդարձվի Հակակոռուպցիոն կոմիտեում

Սև բերետավորների կողմից զոհված զինծառայողի հոր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը քննության առարկա կդարձվի Հակակոռուպցիոն կոմիտեում

Հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում՝ Կառավարական ամառանոցներին հարող տարածքում, ոստիկանության ծառայողների կողմից Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հոր՝ Զավեն Մկրտչյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը քննության առարկա կդարձվի։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հրապարակումներն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից հրավիրվել էր արտահերթ նիստ՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարություն ընդունելու օրակարգով, ինչը, սակայն, տապալվել է՝ իշխող ուժի չներկայանալու պատճառով։ Չորս ժամ ժամանակ էր տրվել՝ քվորում ապահովելու համար եւ քաղաքացիները քայլերթով շարժվել են նախ դեպի Կառավարություն, ապա ՝ կառավարական ամառանոցներ՝ պահանջելու, որ ՔՊ-ն մասնակցի արտահերթ նիստին։ Կառավարական ամառանոցների մոտ խաղաղ ակցիայի մասնակիցներին արդեն «դիմավորել» են ոստիկանական մեծաթիվ ուժեր, ավելին, ոստիկանության ծառայողները շրջափակման մեջ էին վերցրել քաղաքացիներին՝ փակելով փողոցները և փաստացի թույլ չտալով, որ վերջիններս շարունակեն քայլերթը ու հեռանան տարածքից։ Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառմանը զուգահեռ կիրառվել են նաև հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, ընդ որում՝ առանց նախապես զգուշացնելու։

Նույն օրը ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել նաև պատերազմում հերոսացած Հայկազ Մկրտչյանի հոր՝ Զավեն Մկրտչյանի նկատմամբ, հարվածներ հասցրել, պատռել հագուստը, որի վրա պատկերված էր նահատակված որդու լուսանկարը։ «Ոստիկաններին ասում եմ՝ ես հերոսի պապա եմ, էս ի՞նչ եք անում, ասում են՝ հենց դրա համար էլ ծեծում ենք»,- հայտարարել էր Զավեն Մկրտչյանը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում նա պատմել էր, թե ինչպես են ոստիկանության ծառայողները՝ սև բերետավորներն իր նկատմամբ բռնություն գործադրել, ձեռքից քաշել, գցել «ոհմակի» մեջ։

«Մտածում էի՝ բավականին լուրջ, բարդ իրավիճակի մեջ եմ հայտնվել, արդյոք այդտեղի դուրս կգամ, թե չէ։ Խոսալ չէի կարողանում այդ ընթացքում, բայց երբ փորձեցի ինչ-որ բան ասել, դրանից ավելի էին բորբոքվում, ծեծում։ Ասում էի՝ տղես հազար թուրք է սպանել, ասում է՝ մենք էլ ենք սպանել, փորձում էին արդարացնել իրենց գործողությունները։ Հարցնում էի՝ լավ, բայց ես ինչ եմ արել, որ այդպես եք ինձ հետ վարվում, ասացին՝ սուս մնա, թե չէ հեսա ձեռքերդ կջարդենք։ Հարվածները մի քիչ դադարեցին, նրանցից մեկը՝ մեկ այլ սև բերետավորի հետ, ձեռքերս ծոծրակիցս ներքև սեղմելով տանում էին՝ չգիտեմ ուր, բայց այնքան արագ էին տանում, այնքան անհնար էր քայլելը, որ ստիպված ինձ գետնին էի գցում, որ կարողանայի շունչ քաշել, հնարավոր չէր քայլելը »,- պատմել է Մկրտչյանը։