Իդա  Աղախանյանը՝ ԱՄՆ տեղափոխվելու, Գրիշայի հետ հարաբերությունների և մանկավարժական գործունեության մասին

Իդա  Աղախանյանը՝ ԱՄՆ տեղափոխվելու, Գրիշայի հետ հարաբերությունների և մանկավարժական գործունեության մասին

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում անցկացվեց  «Երիտասարդ կատարողների երաժշտական միջազգային փառատոն», որը կազմակերպել էր երգչուհի, պրոդյուսեր  Իդա Ջանիբեկյան -Աղախանյանը։

Փառատոնն անցկացվում էր արդեն երկրորդ անգամ, նպատակը նոր անուններ ի հայտ բերելն է։ Ուշագրավ է, որ այս փառատոնին մասնակցում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Այդպես, այս տարի մասնակցում էր սևամորթ երգչուհի Քիքիբան, ով կատարեց «Մախմուր աղջիկ» երգը,  ինչը շատ ջերմ ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Վերջինս MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ երգը իրապես շատ գեղեցիկ է, նա լիովին հասկացել է միտքը, հույզերը, այդ իսկ պատճառով այդքան զգացմունքային է երգել. «Իդան կարողացել է փոխանցել երգի իմաստը»,- ժպտալով ասաց նա։

Փառատոնի մասնակից  Սիլվի Վարդևանյանը  ծնվել և մեծացել է ԱՄՆ -ում։ Շատ անհամբեր էր սպասում իր ելույթին։ Երգում է դասական ոճում, բայց այս  անգամ խախտել էր ավանդույթն  ու երգել էստրադային ոճում։ Ասաց, որ չի ծնվել հայրենիքում, բայց հայրենիքն իր մեջ է։

Մեկ այլ մասնակից՝ Սիլվիկ Մովսիսյանը, մասնագիտությամբ երգչուհի չէ, բայց իննը տարեկանից երգում է. «Հատուկ չեմ ցանկացել  երգչուհի դառնալ, բայց դարձա։ Ուզում եմ, որ իմ երեխաները միշտ հայեցի մեծանան, ու իմ հայկականությունը փոխանցեմ իրենց”,- նշեց նա։

Այդ ամբողջ ընթացքում Իդան այս ու այն կողմ էր վազում, որ ամեն ինչ լինի ըստ պատշաճի։ Արդեն Գալլա -համերգից հետո մեզ հաջողվեց զրուցել  Իդայի հետ։

Զրույցը սկսեցինք հիշողություններից՝ Էստրադային ու Ջազային արվեստի քոլեջից մինչև Երգի պետական թատրոն։

-Ես աշխատում եմ միշտ լավը հիշել։

-Իդա՛, Դուք Հայաստանից  եկաք ԱՄՆ այն ժամանակ, երբ ձեզ բոլորը ճանաչում էին, ամեն տեղ լսվում էր Թոփ թեն օֆ ռաբիսը, Գրիշայի հետ ձեր «Անիվները» զուգերգը շատ ճանաչված էր։ Դժվար չէ՞ր այդ ամենը թողնել ու գալ ԱՄՆ ու ամեն ինչ սկսել նոր տողից, զրոյից։

-Իհարկե դժվար էր՝ ամեն ինչ նոր տողից։ Բա ինչո՞ւ Գրիշան նեղվեց։ Թոփ թեն օֆ ռաբիսը շուտ անցավ, ու արդեն պետք է մտնեինք ամերիկյան կյանք։ Բայց Գրիշան ընտրեց հայկականը։ Իհարկե, իմ բախտը բերեց, որ ես առաջին իսկ օրից աշխատեցի իմ մասնագիտությամբ՝ Կոնստանտին Օրբելյանն այնպես արեց, որ ես դասավանդեմ երաժշտական ակադեմիայում, հետո սկսեցի երգել  եկեղեցում՝ սևականների երգչախմբում, ակումբներում և այլն։ Բայց որոշ ժամանակ անց դադար եղավ, քանի որ մայրս ծանր հիվանդացավ ու երկար ժամանակ ես էի նրան խնամում։ Մայրս հրաժեշտ տվեց երկնային կյանքին, եղբայս, հայրս….

Բայց ես արդեն կոփվել եմ ու արդեն սովորել եմ դժվարություններին դիմանալ։ Երբ ծնվել եմ, արդեն մահացած եմ եղել ու պորտալարը փաթաթված է եղել վզիս։ Բժիշկները տաս օր պայքարել են իմ կյանքի համար։

-Անձնականն էլ հարթ չդասավորվեց։

-Եթե ես հանդուրժեի ու շատ բաների վրա աչք փակեի, ամեն ինչը նորմալ կլիներ, բայց ինչ շատ հայկական ընտանիքներում հանդուրժում են, որտեղ  ձևականությունը  ավելի շատ է, ես այդպես չեմ մտածում։ Եթե մի բանից ես ուրախ չեմ, աշխատում եմ դա չունենալ։ Ու չեմ ափսոսում։ Մի բան պետք է հիշել. մի անգամ ես  ապրում, ուրեմն պետք է երջանիկ լինես։

-Իդա, նեղսրտո՞ւմ եք, որ շատերը մինչև հիմա  ձեզ  ճանաչում են որպես Գրիշա Աղախանյանի նախկին կին։

-Չէ, չե՛մ նեղվում, քանի որ արդեն սովոր եմ։ Երբ փոքր էի, բոլորը հարցնում էին՝  Գուրգեն Ջանիբեկյանը ձեր ինչն է, Սոսը և այլն… Խնդիրն այն է, որ ես երբեք չեմ խորացել իմ անձի շուրջ։ Ես ինձ երբեք լիդեր չեմ համարել։ Հիմա էլ նույնն է։

-Դժվա՞ր չէր միայնակ մեծացնել  երեխաներին, այն էլ այս  երկրում։

-Իմ բախտը բերել է, որ իմ երեխաները վերցրել են մեր գեների լավագույն գծերը։ Ու այսօր ավելի շատ ես եմ իրենցից ինչ-որ բան վերցնում։ 

-Տղաներից ոչ ոք չընտրե՞ց Ձեր ճանապարհը։

-Ես նույնիսկ ուրախ եմ, որ չեն ընտրել, կարգին աշխատանք ունեն երկուսն էլ։ Մեծ տղաս ամերիկյան խոշոր ընկերության տնօրեններից մեկն է, իսկ փոքրս մասնագիտացել է ֆիզիոթերապիայի ոլորտում։ Մեծը երեսուն վեց տարեկան է, փոքրս՝ քսաներեք։

-Դեռ տատիկ չե՞ք, վախենու՞մ եք տատիկի տիտղոսից։

-Ո՜չ, նույնիսկ մեծիս ասում եմ ՝ էնպես կւզենամ թոռնիկ ունենամ, բայց աղջիկ։ Ես պատկերացնում եմ աղջիկ ու ո՜նց եմ իր հետ զբաղվելու։ Այն, ինչ չեմ հասցրել տալ երեխաներիս, կտամ թոռնիկիս։ 

-Իսկ տղաները և Դուք Գրիշայի հետ շփվու՞մ եք։
-Իհարկե, հայրիկի հետ կապ ունեն, ժամանակ առ ժամանակ գնում են տղաներով հանգստանալու։ Իսկ ես՝ ոչ։ Իմ բնավորությունն էլ հեշտ չի։ Ես շատ սկզբունքային եմ։ Եթե չպետք է նորմալ, անկեղծ հարաբերություններ լինի, ավելի լավ  է չլինի։ Իրենք մեծ տղաներ են, թող շփվեն։

-Իդա, այժմ Դուք ավելի շատ զբաղվում եք մանկավարժական, պրոդյուսերական գործունեությամբ ու ավելի քիչ եք երգում։ Մանկավարժ Իդան, կարծես թե, հաղթեց երգչուհի Իդային։

-Ինչպես նշեցի՝ իմ բախտը բերեց, երբ եկա Ամերիկա, իմ մասնագիտությամբ աշխատեցի ու որոշ ժամանակ անց բացեցի իմ ստուդիան։ Արդեն քսան տարուց ավելի է կա ստուդիան։ Նախկինում իմ սաները տարբեր ազգերի ներկայացուցիչներն էին՝ սևականներից մինչև հայեր։ Ես երգում էի նաև եկեղեցիում ՝ սևականների երգչախմբում։ Բայց ավելի շատ ես մանկավարժ եմ, պրոդյուսեր, քան երգչուհի։ Ես  չեմ սիրել բեմը՝ երբեք։ Ինձանից բեմը միշտ էներգիա է տանում. մարդ կա ստանում է, ինձանից տանում է։ Միշտ համերգից առաջ կարող էի հիվանդանալ , կամ համերգից հետո։ Արթուր Գրիգորիչը միշտ ասում էր՝ ի՞նչ ես դու միշտ ստվերում ու ամփոփվում ես քո մեջ, դուրս չես գալիս։ Պարզապես ես ինձ այդպես ավելի լավ եմ զգում։ Իսկ իմ աշակերտներից շատերն  այսօր հաջողությունների են հասել։ Նրանք Հայաստանում մասնակցել են մի քանի մրցույթների, փառատոնների՝ «Ընծա», «Հայ սուպերսթար», ու բավականին լավ արդյունքներ են գրանցել։

Կապը Հայաստանի հետ կար, բայց հետո կամաց -կամաց սառեցի։  Իսկ հիմա չգիտեմ ինչ սրտով եմ գալու Հայաստան։ Վերջին անգամ եղել եմ  տասնհինգ տարի առաջ... այնքան վատ իրադարձություններ  եղան, որ չգիտեմ։ Նախ, իմ հարազատներից մարդ չի մնացել Հայաստանում, ամենահարազատ մարդիկ մահացել են։ Չեմ պատկերացնում՝ գամ Երևան ու չտեսնեմ Արթուր Գրիգորիչին, ով մեր հարսանիքի քավորն է եղել։ Սրտումս դատարկությունը շատ է։  Հիմա ամեն ինչ թողել եմ  ինքնահոսի, քանի որ վերջին շրջանում ինչ -որ  բան, որ պլանավորում եմ, չի ստացվում։

-Իսկ նման փառատոն կազմակերպելու միտքը ինչպես հղացավ։

-Փառատոնի գաղափարն առաջացավ համավարակի ժամանակ, երբ բոլորս տանն էինք նստած։ Քովիդը ես  շատ ծանր տարա, այն երջանիկներից մեկն էի, որ փրկվեցի. 60 տոկոս ախտահարված թոքեր էին, չէի կարողանում շնչել։ Հետո, երբ ոտքի կանգնեցի, սկսվեց պատերազմը ու  էլի  ծանր սթրես տարա։  Որոշ ժամանակ հետո հասկացա, որ չեմ կարող այսպես ապրել, ու ինչ-որ մի բան պետք է անել, որ մի լույս լիներ։ Իմ  պաշտոնական էջով հայտարարություն տարածեցի, որ երգիչ -երաժիշտների  լսումներ եմ կազմակերպում։ Արձագանքը շատ բուռն էր ու սկսվեցին  փորձերն ու լսումները։ Ու այն դարձավ մի փառատոն, որտեղ միաձուլվեցին բոլոր ժանրերը՝ ժողովրդականից մինչև դասական երգեցողություն, դաշնամուրից մինչև  ջութակ։ Ու արդեն երկրորդ տարին է անցկացվում է «Երիտասարդական երաժշտական միջազգային փառատոնը»։ Ինքներդ տեսաք, թե որքան շնորհալի երիտասարդներ կային։

-Իսկ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին հետևո՞ւմ եք։

-Մի պահ շատ էի հետևում, բայց հետո խառնաշփոթ սկսվեց։ Կիսվեցին խմբերի, ու արդեն սկսեցի չհասկանալ՝ ի՞նչ է կատարվում։ Հիմա աշխատում եմ համբերատար հետևել ու հասկանում եմ, որ սա պարզապես գծած պլան է։ Ցավում եմ, որ  չկա մի ուժ, որը ճիշտ ուղու վրա կդնի Հայաստանը  ու այս վիճակից կհանի։ Բայց չգիտեմ ինչու ներքին ձայնս ասում է, որ ամեն ինչ լավ է լինելու ու մի ելք բացվելու է։ Այս վերջին դեպքերն էլ  ցույց տվեցին, որ Ռուսատանը բացարձակ մեր հետ չի ու ինձ թվում է, որ մենք պետք է Ռուսատանից  անջատվենք։ Չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել,  բայց այնքան մեծ խաղերն են, որ, անկեղծ ասած, այլևս չեմ ուզում մասնակից լինեմ դրանց։ Մի անգամ ընկերներիս  խնդրանքով գնացի մասնակցեցի, երբ Նիկոլին էին ընտրում ու սենց կրակի մեջ ընկանք բոլորս։  Հիմա ես  վախենում եմ իմ կողմից սխալ քայլ անեմ  ու պարզվի, որ չպետք է անեի։ Ես ոչ թե անտարբեր եմ, այլև շատ զգույշ եմ դառել։

-Կարոտո՞ւմ եք Հայաստանը։

-Անկեղծ եմ ասում՝ ես կարոտում էի մարդկանց, իսկ այդ մարդիկ այլևս ՀՀ-ում չեն։

-Իսկ Ամերիկան  շա՞տ է փոխել Ձեզ :

-Հիմա ավելի ուժեղ ու հանգիստ եմ դառել։

-Ձեր հայտնի «Անիվներ»  երգում այսպիսի  տող կա՝ «անիվները մեզ տանում են»։ Մեր կյանքն էլ է անիվների վրա:

-Հիմա, փաստորեն,  այո, ու ոչ մի բան ամուր չի աշխարհում։ Բայց ես լավատես եմ, ու բոլորին եմ փոխանցում իմ լավատեսությունն ու առաջ շարժվելու ձգտումները։

Արմինե Գևորգյան