Ռուսները քչացել են, հնդիկներն էլ դարձել են անտեսանելի՞. ուշագրավ տվյալներ՝ ՆԳՆ–ից

Ռուսները քչացել են, հնդիկներն էլ դարձել են անտեսանելի՞. ուշագրավ տվյալներ՝ ՆԳՆ–ից

Աշխատանքային միգրանտներն ու ռելոկանտները վերջին տարիներին ակտիվ բնակություն են հաստատել ՀՀ–ում, և այս գործընթացը շարունակվում է։ Սակայն, եթե դեռ 2023 թ–ին ՀՀ–ում գերակշռում էին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ապա վերջին շրջանում ամենը փոխվել է։ Նկատելի է, որ ՌԴ քաղաքացիների թիվը Հայաստանում պակասել է, փոխարենը գերակշռում են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիները։

MediaHub-ը հարցում էր ուղարկել Ներքին գործերի նախարարություն, հասկանալու, թե 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ օտարերկրյա քանի՞ աշխատանքային միգրանտ է բնակվում ՀՀ–ում: Ինչպես նաև, համեմատական անցկացնելու համար, փորձել ենք հասկանալ՝ որքա՞ն է կազմել նրանց թիվը 2023 թվականի հունվարի 1-ի և 2024 թվականի հունվարի 1–ի դրությամբ:

Եվ այսպես, MediaHub–ին ՆԳՆ–ից պատասխանեցին․ «2025թ․-ի փետրվարի 1-ի դրությամբ աշխատանքային գործունեության հիմքով վավեր ժամանակավոր կարգավիճակ ունեն 3918 օտարերկրացիներ, իսկ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք են ստացել ԵԱՏՄ անդամ պետությունների 9610 ՀՀ տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնող քաղաքացիներ և նրանց ընտանիքի անդամներ»։

Պարզվեց, որ ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնող, ՀՀ-ում բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ ունեն Ռուսաստանի Դաշնության 7888 քաղաքացիներ, սակայն, օրինակ, 2024թ-ի հունվարի 1-ի դրությամբ ՌԴ 11 306 քաղաքացի է բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ ունեցել, իսկ 2023թ․-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 6193 ՌԴ քաղաքացի։ Փաստացի, անցած մեկ տարվա ընթացքում 3418 ՌԴ քաղաքացի լքել է ՀՀ–ն։

MediaHub-ի ուշադրությունը գրավեց ՀՀ–ում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը։ Ըստ պաշտոնական պատասխանի՝ պարզվում է, որ 2025թ․-ի փետրվարի 1-ի դրությամբ աշխատանքային գործունեություն իրականացնող, ՀՀ-ում բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ ունեն Հնդկաստանի 1333 քաղաքացի: 2024 թ-ին նրանց թիվը կազմել է 1378, 2023թ-ին՝ 321։

Քանի որ մամուլում շատ է գրվել այն մասին, որ Հայաստանում աշխատանքային գործունեություն են ծավալում նաև պակիստանցիներ, թեև ՀՀ-ն ու Պակիստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ՝ Ադրբեջանի գործոնով պայմանավորված, ապաև հետաքրքրվել էինք նրանց թվաքանակով: Ըստ պատասխանի՝ Պակիստանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 2023 և 2024 թվականներին ՀՀ–ում չեն եղել, իսկ 2025թ-ին աշխատանքային գործունեություն իրականացնող, ՀՀ-ում բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ ունեն Պակիստանի 2 քաղաքացի։

2023թ–ին աշխատանքային գործունեություն իրականացնող, ՀՀ-ում բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ ունեցող Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ ևս չեն եղել։ 2024 թ-ին այդպիսիք եղել են 27–ը, իսկ 2025թ-ին արդեն Թուրքիայի 16 քաղաքացի ունի աշխատանքային գործունեություն իրականացնող, ՀՀ-ում բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ։

Մենք հետաքրքրվել էինք նաև ՌԴ-ից ռելոկանտների թվով, որոնց թիվը, կարծես, զգալի պակասել է: Այս մասով ՆԳՆ-ից ստացանք հետևյալ պատասխանը. «Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունը ռելոկանտ քաղաքացիների վերաբերյալ վիճակագրություն չի վարում, այդ իսկ պատճառով հայցվող տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել»:

Հարցման պատասխանից երկու եզրակացություն արեցինք։ 

Նախ, ՌԴ քաղաքացիները իսկապես ՀՀ-ից մեկնել են այլ երկրներ կամ վերադարձել ՌԴ, նրանց թիվը իսկապես պակասել է, ինչը նաև տեսանելի է: Եվ երկրորդ՝ պարզ է, որ ՀՀ–ում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը շատ ավելի մեծ է, քան 1333–ը։ Հատկապես Երևանում նրանք հանդիպում են ամեն քայլափոխի՝ խանութներում, սպասարկման ոլորտի այլ հաստատություններում, նրանք են հիմնականում զբաղվում առաքմամբ, բացի այդ, գրեթե բոլոր շենքերին փակցված են պաստառներ, որտեղ գրված է՝ «հնդիկ աշխատողներ՝ էժան և որակով»:

Հետևապես, հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ այս հոծ բազմությունն անտեսանելի է ՆԳՆ համար, թե՞ գործ ունենք կազմակերպված ապօրինի աշխատանքային միգրացիայի ալիքի հետ, որի դեմ գերատեսչությունը պայքարում է նույն հաջողությամբ, ինչ սոցցանցերի միջոցով թմրանյութերի վաճառքի դեմ:

Մարիաննա Արամյան