Երբ Սահմանադրության հիմնարար սկզբունքները բացահայտ խախտվում են, պետությունը իրավական լինել չի կարող․ սահմանադրագետ

Երբ Սահմանադրության հիմնարար սկզբունքները բացահայտ խախտվում են, պետությունը իրավական լինել չի կարող․ սահմանադրագետ

Այս մասնագիտությունն ընտրելու օրվանից ինձ համար տոնը մշտապես իր խորհրդով առանձնացել է։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՀՀ Սահմանադրությանը, որն այսօր արդեն 27 տարեկան է։ «Դժբախտաբար, ես այսօր հակասական էմոցիաներ ունեմ և պետք է ընդգծեմ, որ սա հանրության համար վերածվել է հերթական ոչ աշխատանքային օրվա, որի բովանդակությունը, խորհուրդը հասարակ քաղաքացին չի պատկերացնում և քիչ թե շատ գիտակից մարդն էլ արդեն չի էլ կարող որպես տոն իր խորհուրդն առանձնացնել և տոնել, քանի որ մենք ունենք Սահմանադրություն, որը թղթի վրա գրված իրավանորմերի ամբողջություն է, իսկ օրվա իշխանությունը ցույց տվեց, որ ցանկացած իրավիճակում, անգամ զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` տարամեկնաբանվել, խեղաթյուրվել է այն»,- ասաց Մելոյանը՝ հավելելով․ «Չեմ կարող ինձ թույլ տալ այս օրով շնորհավորական խոսքեր ասել, քանի որ մենք ականատես ենք եղել ամբողջ մի շղթայի խեղաթյուրման՝ սկսած շուրջ մեկ տարի տևող Սահմանադրական դատարանի դատավորների հետապնդումներից, ամենատարաբնույթ և անթույլատրելի գործառույթներով, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, և թե անձնական բնույթի, որն ավարտվեց հակասահմանադրական բնույթի սահմանադրական փոփոխություններով, որոնց հաջորդեցին մի շարք անգամներ Սահմանադրության հենասյուն հանդիսացող սկզբունքների ոտնահարումով»։

Սահմանադրագետն առանձնացրեց դրանցից մի քանիսը․ «Օրինակ, օրինականության սկզբունքը, որը ենթադրում էր, որ պաշտոնատար անձինք պարտավոր են իրականացնել գործառույթներ, որոնցով լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով, ինչին մենք բազմաթիվ օրինակներով ականատես ենք եղել, երբ բարձրաստիճան պաշտոնյաները և պետական տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները զերծ են մնացել օրենքով սահմանված իրենց պարտականությունների կատարումից՝ մնալով անպատիժ, զուտ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Իշխանությունների տարանջատման սկզբունքն է բազմիցս ոտնահարվել՝ մասնավորապես, զսպման և հակակշռման մեխանիզմները»։

Ըստ Մելոյանի՝ Սահմանադրության օրը ՀՀ-ում ոլորտի մասնագետների համար դարձել է տվյալ ոլորտի խնդիրները վերհիշելու, դրանք բարձրաձայնելու և նաև ուղերձ կատարելու օր․ Այս ամենը մեզ լավ տեղ չի տանում, իսկ պետությունը չի կարող լինել ժողովրդավար, իրավական, եթե առնվազն գոնե Սահմանադրության հիմնարար հենասյունային սզբունքներն այդքան բացահայտորեն խախտվում են»,- իր խոսքը եզրափակեց սահմանադրագետը։

Մերի Գևորգյան