ՍԱՏՄ ղեկավարը խոստովանում է՝ Լարսում հայկական բեռնատարների համար առաջացած խնդիրների պատճառը նաև իրենց թերացումն է եղել

Նոր տարուց մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի վերջին հայ արտահանողները կրկին կանգնեցին լուրջ խնդրի առջև, քանզի ռուսական կողմը Վերին Լարսի անցակետից հետ էր ուղարկում հայկական բեռնատարները։ Պատճառը ֆիտոսանիտարական խստացված ստուգումներն էին, որոնց արդյունքում ռուսական կողմը բազմաթիվ խնդիրներ էր հայտնաբերել հայկական բեռների մեջ։ Թեպետ բեռնատարնբերի վարորդները մասնավոր զրույցներում ասում էին նաև, որ խնդիրը քաղաքական է, քանզի ռուս սահմանապահներն իրենց ասում էին՝ գնացեք ձեր կառավարությանը հարցրեք, թե ինչու ձեր մեքենաները չեն կարողանում հատել ռուսական սահմանը։
Թե որքան էր այս ամենի տակ բուն քաղաքական ենթատեքստը, դժվար է ասել, բայց որ խնդիրը Հայաստանի կառավարության թերացման մեջ էր, դա ակնհայտ էր։ Պարզվում է՝ կառավարության, մասնավորապես՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) թերի, անփույթ կամ անպատասխանատու աշխատանքի հետևանքով է, որ բազմաթիվ արտահանողներ անցյալ տարվա վերջին կանգնել էին լուրջ խնդրի առջև։ Եւ իրենց թերացման մասին Mediahub-ի հետ զրույցում խոստովանեց հենց ինքը՝ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը։
-Պարո՛ն Հայրապետյան, ավելի քան մեկ ամիս առաջ Վերին Լարսի անցակետում խնդիր առաջացավ հայ արտահանողների համար՝ կապված ֆիտոսանիտարական ստուգումների հետ․ ասում էին՝ խնդիրը ոչ միայն ֆիտոսանիտարական է, այլև՝ քաղաքական։ Ի վերջո, այդ խնդիրը քաղաքակա՞ն էր, թե՞ զուտ օրենսդրական դաշտում էր, և ՍԱՏՄ-ն ինչպե՞ս կարողացավ կարգավորել այն։
-Նշված խնդրով պայմանավորված՝ մենք ուղիղ «Ռոսսելխոզնադզոռի» հետ գնացել ենք բանակցությունների, և եթե լուծումը չլիներ մեր մակարդակում և մեր հնարավորությամբ, միգուցե այլ դիտարկումներ լիներ, որ դա պայմանավորված է այլ խնդիրներով։
-Քաղաքականո՞վ։
-Ես չգիտեմ՝ ինչով։ Երբ Դուք՝ որպես լրագրող, մասնագետ, որևէ այլ լրագրողի հետ քննարկում և գտնում եք համաձայնություն մի ընդհանուր հարցի շուրջ, որոշակիորեն մեկը մյուսին է մեղադրում, բայց ընդհանուր արդյունքում հնարավոր է լինում մի հայտարարի գալ։ Դա նշանակում է, որ խնդիրը ավելի շատ մեր միջև էր, քան մեզ շրջապատող միջավայրի խնդիրն էր։ Հիմա, էդ տրամաբանությամբ, եթե մոտենանք, ինքը կարող է ենթատեքստեր, տարբեր շերտեր ունենար, բայց քանի որ հնարավոր եղավ մի քանի օր իրենց հետ բանակցելով, տարբեր մակարդակներով խնդիրն ընկալել և լուծում տալ՝ առանց քաղաքական միջամտության և աջակցության, ես կարծում եմ, որ դա զուտ մասնագիտական խնդիր էր, որ մենք իրար հետ կարողացանք լուծել։
-Այսինքն՝ ամենաբարձր Ձե՞ր մակարդակով է եղել, որ բանակցել եք, թե՞ Ձեզնից բարձր այլ պաշտոնյաներ էլ են բանակցել։
-Չէ, իմ մակարդակով է բանակցվել։
-Իսկ ինչպե՞ս խնդիրը կարգավորվեց, ռուսական կողմը թուլացրե՞ց ստուգումները։
-Քանի որ մենք արտահանվող բեռների նկատմամբ հատուկ խիստ պահանջներով չէինք առաջնորդվում՝ հաշվի առնելով, որ արտահանումը խթանում ենք, շատ արագ էր կատարվում էդ զննումը, փաստաթղթերի տրամադրումը, ստուգումը և այլն։ Էդ գործընթացը, բնականաբար, եթե արագ ես ուզում իրականացնել, ունենում ես նաև բացթողումներ։ Եւ իրենք իրենց մոտ իրականացված որոշակի գործողությունների ու միջոցառումների արդյունքում ոչ միայն մեր բեռների նկատմամբ, այլ բոլոր ներմուծվող բեռների նկատմամբ այդ ժամանակահատվածում ունեցել են նման բարձր բացահայտումներ անհամապատասխանությունների։
-Այսինքն՝ արդա՞ր էր իրենց կողմից այդ ամեն ինչը, իսկապես մեր բեռների մեջ կայի՞ն խնդիրներ։
-Մեր տնտեսվարողները մեր կողմից վերահսկողություն չէին իրականացնում ամբողջ ծավալով և ամբողջ խորությամբ։ Երբ որ իրենց հետ քննարկեցինք և հասկացանք, որ իրենց ակնկալիքը ամբողջ ծավալով և խորությամբ վերահսկողություն իրականացնելն էր, մենք երաշխավորեցինք, որ մենք կիրականացնենք էդպիսի վերահսկողություն և փաստաթուղթը կտրամադրենք միայն էդ դեպքում, որից հետո սկսել ենք աշխատել։
-Այսինքն՝ թերացումը նաև ՍԱՏՄ-ի՞ կողմից էր։
-Եթե թերացում համարենք՝ այո, որոշակի առումով մենք թերացել ենք, որ կարճ ժամանակով փորձել ենք աջակցել արագ արտահանմանը, և մի քանի ժամվա ընթացքում էինք տրամադրել փաստաթղթերը։
-Իսկ հիմա ինչպե՞ս եք տրամադրում։
-Հիմա բավականին ընդլայնված վերահսկողություն է իրականացվում, մեր տեսուչները մոտենում են բեռին, ուսումնասիրում են, եթե տեսնում են այնպիսի միրգ կամ բանջարեղեն, որն իր վրա ունի հիվանդության ախտանշաններ, նմուշառում են իրականացնում, ուղարկում ենք լաբորատորիա, որից հետո, եթե լաբորատորիան եզրակացությունը տալիս է, որ նորմալ է ամեն ինչ, նոր էդ ժամանակ փաստաթուղթը լրացնում ենք։ Հիմա էլ ունենք բողոքներ տնտեսվարողներից, որ երկարել է վերահսկողության ժամկետը, և արդյոք հնարավո՞ր չէ կրճատել։
-Հիմա, այս ամենի արդյունքում, կարողանո՞ւմ ենք ամբողջովին անվնաս և մաքուր սննդամթերք, տարբեր տեսակի արտադրանք ուղարկել ռուսական շուկա և Լարսում խնդիրներ չունենալ։
-Այո, երբ մենք փաստաթուղթը՝ օրենսդրության բոլոր կետերով և խորություններով տրամադրում ենք, և մենք պատրաստ ենք մեր տված փաստաթղթի հետևից գնալ և իրենցից պահանջել կրկնակի փորձաքննություն։ Ինձ թվում է՝ իրենք և՛ էն ժամանակ, և՛ հիմա գիտեին, թե մենք ինչ էինք անում։
Վահե Մակարյան