Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
ՔՊ վարչության ընտրությունների արդյունքների վերահաշվարկն ուշագրավ իրողություններ է բացահայտել։ Որ գլխավոր «հերոսը» եղել է Արփի Դավոյանը, կուսակցությունում որեւէ մեկն այլեւս կասկած չունի, սակայն ասում են, որ նա ունեցել է աջակիցներ։ Վերահաշվարկի արդյունքում 30 ձայնով պակասել են Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի ձայները, 40-ով՝ Վիլեն Գաբրիելյանի, 10-ով՝ Արփի Դավոյանի, մոտ 50 ձայնով՝ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի։ Պարզվել է, որ Հայկ Կոնջորյանի օգտին հավելագրում են արել։
«Հրապարակ» թերթը գրում է․
Եթե Հայաստանում ինչ-որ բան նորացվում-թարմացվում է, ապա դա, թերեւս, միայն վարչապետի աշխատակազմի գույքն ու հարմարություններն են։ Այս անգամ էլ վարչապետի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսերի» անվան տակ 6 հատ գորգ է գնել, որոնցից 5-ը՝ 220 հազար, 1-ը՝ 400 հազար դրամ արժողությամբ։ Վարչապետի աշխատակազմը գորգերը ձեռք է բերել «Մեգերյան կարպետ» ընկերությունից՝ ընդհանուր առմամբ վճարելով 1 մլն 500 հազար դրամ։
«Հրապարակ» թերթը գրում է․
Նոյեմբերի 5-ին՝ ընդդիմության պլանավորած հանրահավաքի օրը, իշխանությունները որոշել են համապետական ծառատունկ իրականացնել։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մի շարք գերատեսչությունների ղեկավարներին գրություն է ուղարկել՝ առաջարկելով ապահովել իրենց աշխատակիցների մասնակցությունը։
«Հրապարակ» թերթը գրում է․
Երկու օր առաջ Դուբայում մեծ շուքով նշել են Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գոռի հարսանիքը։ Հարսանիքը նախատեսված էր դեռ սեպտեմբերին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր, հետո օլիգարխի ընտանիքը որոշել էր հայի չար աչքից հեռու կազմակերպել, եւ հյուրերով-բանով մեկնել են Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։ Հարսնացուն, ասացին, ռուսաստանաբնակ հարուստ ընտանիքի աղջիկ է։ Քավորն այս անգամ էլ չի փոխվել․ «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանն է՝ Ալեքսանյանների ընտանիքի վաղեմի կնքահայրը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները Հայոց բանակում չեն ծառայել: «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 21-ին պաշտոնական գրություն էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ուղղել հետեւյալ հարցերը. «Արդյոք Միսակ Վահագնի Հովհակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովհակիմյանը անցե՞լ են պարտադիր զինվորական ծառայություն, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որտե՞ղ եւ ե՞րբ։ Եթե ոչ, ապա ինչու՞ եւ ի՞նչ հիմքով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կուսակցության ներսում գործել է մի խումբ, որը կորդինացրել է ընտրությունները. խմբի անդամները 4-ն են եղել՝ պատգամավորներ Արփի Դավոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Տրդատ Սարգսյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը: Կուսակցական ընտրությունների կեղծիքների մասին բարձրաձայնել են շատերը ներսում, այդ թվում՝ պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ բողոքելով, որ Արփի Դավոյանը կեղծիքներ է կազմակերպում: Արփի Դավոյանը ճնշումներ է գործադրել՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի միջոցով ազդելով մարզային իշխանությունների վրա: Կոնկրետ հրահանգ է եղել Նիկոլ Փաշինյանի անունից՝ ում ընտրել, ում ոչ մի դեպքում չընտրել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Կոռուպցիան եւ կաշառակերությունը մերժող հեղափոխական իշխանությունների ներկայացուցիչների մեծ մասը, որ նախկինում ոչ մի սեփականություն չի ունեցել, ավտոմեքենաների եւ տների սեփականատերեր են դարձել: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ կան, որ նախկինում 100 դրամով երթուղայիններով էին երթեւեկում, հիմա ավտոմեքենաներ են վարում:
Այս կարեւոր իրողությունը ինչո՞ւ է վրիպում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում է Արցախյան հակամարտության թեման: Օրինակ՝ նոյեմբերի 2-ին նա խորհրդարանում խոսեց Արցախի կարգավիճակի մասին եւ նշեց, թե այդ բառը փորձել է մի կողմ դնել:
Նիկոլ Փաշինյանը նշում է, թե ինքը չի խոսում Արցախի կարգավիճակից, որովհետեւ ռուս գործընկերներն են առաջարկել ԼՂ կարգավիճակի թեման հետաձգել անորոշ ժամանակով, սակայն 2022 թվականի ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց. «Միջազգային հանրությունն առաջարկում է մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»: Նախ նկատենք՝ այստեղ որեւէ խոսք չկար ռուսական կողմի մասին, մյուս կողմից էլ, երբ նա խոսում էր նշաձողն իջեցնելու մասին, չէր ասում, որ այն պատրաստվում են քննարկել ավելի ուշ:
«Իրավունք» թերթը գրում է.
«Չար լեզուներն ասում են, որ Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելուց ամենից շատ սրտնեղել է Փաշինյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող ԱՀ տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը:
Նրա հանդեպ իր, մեղմ ասած, ակնհայտ ոչ բարյացկամ վերաբերմունք է ցուցադրել Ռուբեն Վարդանյանը տարբեր հանդիպումների ժամանակ: Մասնավորապես, Վարդանյանին դուր չի եկել Խանումյանի ինքնագոհ վիճակը»:
«Իրավունք» թերթը գրում է.
«ՊԲ նախկին նախարար Միքայել Արզումանյանի գործով առաջիկայում լուրջ շրջադարձեր են սպասվում, որի արդյունքում Շուշին հանձնելու մեջ կասկածյալների ցանկը կլայնանա: Մասնավորապես, շրջանառվող լուրերի համաձայն, չի բացառվում, որ Շուշիի գործով անցնի նաեւ Սեյրան Օհանյանը, ով, ի դեպ, վերջիններից մեկն է, ով լքել է բերդաքաղաքը:
Ընդ որում, «չար լեզուները» շշնջում են, որ Արզումանյանը որոշել է չխնայել իր վաղեմի մարտական ընկերներից եւ ոչ մեկին, այդ թվում՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, ում հանդեպ ամենաշատն է «լցված» Արզումանյանը»:
«Իրավունք» թերթը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից հետո լարվել են հարաբերությունները ՔՊ-ական պատգամավորների եւ նախարարների միջեւ, հատկապես նրանց, որոնք տեղ չեն գտել կուսակցության նորընտիր վարչության կազմում:
Երեկ մինչ սոցցանցերում քննարկվում էր, թե ինչպես է գործարարի համբավ ունեցող ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ասել, որ իրեն հաճելի չէ «այս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ» եւ դժգոհել է, որ ոչ մի թիվ ու ծավալ չլսեցի, մինչդեռ այդքան հարց տվեց», մեկ այլ միջադեպ էլ ծագեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի միջեւ: