Ռուսներին վիզաների տրամադրման արգելքը. ԵՄ-ն է որոշում՝ ինչ անել

Ռուսներին վիզաների տրամադրման արգելքը. ԵՄ-ն է որոշում՝ ինչ անել

Արդյո՞ք ԵՄ-ն կարգելի Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը Ուկրաինայում իրականացվող ռազմական օպերացիայի պատճառով: ԵՄ անդամ երկրների միջև այս հարցում կոնսենսուս չկա։ Ամբողջական արգելք, ամենայն հավանականությամբ, չի մտցվի, սակայն հնարավոր են սահմանափակումներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի քաղաքացիների մուտքը ԵՄ արգելելու իր կոչով Եվրոպայում բուռն քննարկումներ առաջացրեց. ընդունելի՞ է, որ հարևանի դեմ պատերազմող երկրի քաղաքացիները կարող են շարունակել այցելել Եվրամիության տարածք, կարծես ոչինչ չի եղել։ Ո՛չ, կարծում են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ֆինլանդիան, Լեհաստանը, Չեխիան և Բալթյան երկրները: Նրանք կասեցրել են ռուսներին կարճաժամկետ վիզաների տրամադրումը։

Գերմանիան, Հունաստանը, Կիպրոսը և Եվրահանձնաժողովը թերահավատորեն են վերաբերվում նման միջոցառումներին։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ չի կիսում ռուսների համար ԵՄ մուտքի լիակատար արգելքի գաղափարը, ինչը կազդի նաև նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն։

 

Ի՞նչպիսին են տրամադրությունները ԵՄ-ում ռուսների նկատմամբ

Չեխիան, որը ներկայումս նախագահում է Եվրամիությունը, ռուսների համար շենգենյան վիզաների հարցը ներառել է օգոստոսի 30-ին Պրահայում կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում։ Ինչպես և սպասվում էր, առնվազն կկասեցվի 2007 թվականից գործող վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգի մասին Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագիրը. այդ մասին Financial Times թերթին հայտնել են եվրոպացի դիվանագետները։

Նշված համաձայնագրի կասեցումը կհանգեցնի նրան, որ ռուսների համար կդժվարանա կարճաժամկետ շենգենյան վիզա ստանալը, և դա ավելի թանկ կարժենա։ Բայց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար ԵՄ մուտքի լիակատար արգելք նախատեսող բանաձևի ընդունումը, որը պետք է հաստատվի ԵՄ բոլոր երկրների կողմից, ըստ դիվանագետների, նախատեսված չէ։ Ռուսների մուտքը ԵՄ արգելելու առանձին երկրների փորձերը անարդյունավետ կլինեն, քանի որ կարճաժամկետ զբոսաշրջային վիզան ուժի մեջ է Շենգենյան գոտու բոլոր 26 երկրներում՝ անկախ նրանից, թե դրանցից որն է տրվել։

Եվրոպական Frontex գործակալության տվյալներով՝ Ուկրաինայում հատուկ օպերացիայի վեց ամիսների ընթացքում ռուսական անձնագրերի գրեթե մեկ միլիոն տերեր մուտք են գործել ԵՄ։ Մեծամասնությունը՝ Ֆինլանդիայի (330 հազար մարդ), Էստոնիայի (234 հազար) և Լիտվայի (132 հազար) միջոցով: Խոսքը հիմնականում մի քանի օրով ԵՄ ժամանած զբոսաշրջիկների մասին է։ Բայց դա չի նշանակում, որ տրվել է մեկ միլիոն շենգենյան վիզա, քանի որ ՌԴ քաղաքացիները 90 օր վավերականությամբ վիզայով կարող են այս ընթացքում բազմիցս մտնել Շենգենյան գոտի։ Մինչև կորոնավիրուսի համաճարակը Շենգենյան գոտու երկրները տարեկան մոտ 500,000 նոր վիզա էին տրամադրում ռուսներին։

 

Ի՞նչ սահմանափակումներ արդեն կան ռուսների համար

Ռուսներին վիզաների տրամադրման ամբողջական արգելքը, ըստ Եվրահանձնաժողովի, խնդրահարույց է, քանի որ, միջազգային իրավունքի համաձայն, ընտանեկան և մարդասիրական նկատառումներից ելնելով, մուտքը պետք է հնարավոր լինի։ Սակայն կարճաժամկետ Շենգենյան վիզաների տրամադրումը կարող է խիստ սահմանափակվել:

Յուրաքանչյուր երկիր վիզաներ տրամադրելիս առաջնորդվում է որոշակի չափանիշներով, ինչը նշանակում է, որ ունի որոշակի մանևրելու հնարավորություն։ Բացի այդ, հնարավոր է չեղյալ համարել տրված վիզան։ Էստոնիան այժմ օգտագործում է այս պրակտիկան ռուսների նկատմամբ։

Շենգենյան վիզաները պետք է ճանաչվեն այս ասոցիացիայի անդամ յուրաքանչյուր երկրում: Ուստի, օրինակ, Էստոնիան չի կարող պարզապես հրաժարվել Գերմանիայի կամ Շվեդիայի կողմից տրված վիզաների ճանաչումից։ Դա անհնար է՝ հաշվի առնելով Շենգենյան գոտում սահմանային վերահսկողության բացակայությունը։ Բայց, ներեվրոպական կանոնների համաձայն, Շենգենյան վիզա ունեցող զբոսաշրջիկը հիմնականում պետք է մնա իրեն վիզա տված երկրում։ Չեղարկումը կարող է արդարացված լինել քաղաքական պատճառներով կամ անվտանգության նկատառումներով:

Բացի Բալթյան երկրներից, ինչպես նաև Ֆինլանդիայից, Լեհաստանից և Չեխիայից, Դանիան ցանկանում է սահմանափակել ռուսների համար վիզաների տրամադրումը։ Fragomen վիզաների ծառայության տվյալներով՝ Նիդեռլանդների, Բելգիայի, Իսպանիայի, Ռումինիայի կողմից նրանց տրված վիզաների թիվը նվազել է։ Շատ երկրներ կրճատել են իրենց դիվանագիտական ​​անձնակազմը Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություններում և դեսպանատներում, ինչը բարդացնում է վիզայի համար անձնական հարցազրույցի գործընթացը։

 

ԵՄ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև ռուս դիվանագետներին, պաշտոնյաներին և գործարարներին վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգի մասին համաձայնագիրն այլևս չի գործում, թեև այն դեռ ուժի մեջ է։ Եթե ​​այն դադարեցվի, Ռուսաստանի քաղաքացիների համար վիզա ստանալն ավելի դժվար և թանկ կլինի։ Քանի որ ռուսներն այլևս չեն կարող օգտվել արևմտյան վարկային քարտերից և բանկային հաշիվներից, վիզայի մերժման պատճառ կարող է լինել ֆինանսների բացակայությունը:

 

Ի՞նչ կարող են անել արտգործնախարարները

ԵՄ անդամ երկրները կարող են երկարաժամկետ ազգային վիզաներ տրամադրել մշտական ​​մուտքի և իրենց տարածքում գտնվելու համար։ Այս վիզաները նախատեսված են նրանց համար, ովքեր աշխատում և սովորում են ԵՄ-ում և չեն կարող մեկնել ԵՄ այլ երկրներ։ Նման վիզաներ կարող են ստանալ նաև ռուս ընդդիմադիրները, ովքեր լքում են Ռուսաստանը հատուկ օպերացիայի պատճառով։ 2022 թվականի առաջին կիսամյակում Գերմանիան ազգային վիզաներ է տրամադրել մոտ 10 000 ռուսաստանցիների։

Գիտության և քաղաքականության գերմանական հիմնադրամի (SWP) միգրացիոն քաղաքականության փորձագետ Ռաֆայել Բոսսոնգը խորհուրդ է տալիս ուժեղացնել համակարգումը և սահմանափակումները ռուսներին վիզաների տրամադրման հարցում ոչ թե արգելքի, այլ գործող կանոնների կիրառման միջոցով:

 

Ի՞նչ է պահանջում ԵՄ խորհրդարանը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին ուղղված բաց նամակում Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են սահմանափակել ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը և 6000 բարձրաստիճան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի ամբողջական արգելք։ Ռուսաստանցիների համար Եվրամիություն վիզաների տրամադրման ամբողջական արգելքը Բորելը համարում է «ոչ լավագույն առաջարկը», ինչը հնչեցրել է օգոստոսի 28-ին, ավստրիական ORF հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ամեն դեպքում, ես ընդհանրապես վիզաներ չտրամադրելու կողմնակից չեմ», - մասնավորապես ասել է Բորելը։

Իր հերթին Եվրախորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական ​​խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը անհեթեթ է համարում, որ ռուսները հանգստանում են գերմանական հանգստավայրերում, որտեղ ուկրաինացիները նրանց սպասարկում են ռեստորաններում.

«Ինձ համար դժվար է պատկերացնել, որ մենք ընդունում ենք փախստականներ Ուկրաինայից և միևնույն ժամանակ ռուսների, ովքեր վայելում են այստեղ կյանքը», - ասել է Վեբերը գերմանական ARD հանրային իրավունքի հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 

Ի՞նչ են անում մյուս պետությունները

Միացյալ Նահանգները դադարեցրել է ռուսաստանցիներին կարճաժամկետ վիզաների տրամադրումը հենց Ռուսաստանում։ Վիզայի դիմումը կարող է ընդունվել Լեհաստանում ամերիկյան դեսպանատանը, եթե ռուսներին հաջողվի հասնել այնտեղ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս գիտնականներին, գործարարներին ու ակտիվիստներին կոչ է արել լքել պատերազմական վիճակում գտնվող Ռուսաստանի Դաշնությունը։

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա վերջինս չի ցանկանում ռուսների մուտքի ամբողջական արգելք սահմանել, սակայն զգալիորեն նվազեցնում է վիզաների տրամադրումը։

 

Ռեբեկա Հովհաննիսյան