ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները:

Նիստում որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող  Կարեն Անդրեասյանը, որը արդարադատության նախկին նախարարն էր։

Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրել էր Անդրեասյանի նախկին տեղակալ, այժմ նախարար նշանակված Գրիգոր Մինասյանը։

ԱՆ-ն նշել է, որ թվով չորս քաղաքացիական գործերով վճիռները հրապարակվել ու հայցվորներին են ներկայացվել 1-2 տարի ուշացումով։

«Խորհուրդը որոշեց դադարեցնել Աննա Փիլոսյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով»,-ասաց Անդրեասյանը՝ ավելացնելով, որ դատաքննությանը մասնակցել են խորհրդի ինն անդամներից ութը, որոշումն ընդունվել է միաձայն, խախտման հանգամանքը հաստատվել է բոլորի կողմից, սակայն խորհրդի անդամներ Անի Մխիթարյանն ու Դավիթ Խաչատուրյանը դեմ են քվեարկել կարգապահական տույժի տեսակին։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Փիլոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲԴԽ-ի որոշմանը։

«Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվեցին իմ՝ որպես դատավորի լիազորությունները:

Հեռանալով դատական իշխանությունից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ երրորդ նախագահին՝ իր հրամանագրով ինձ դատավոր նշանակելու համար, ՀՀ արդարադատության խորհրդի՝ 2013 թվականի կազմին՝ վստահության, Հայրենիքիս ու արդարադատությանը ծառայելու բացառիկ հնարավորություն ինձ ընձեռելու համար:

Շնորհակալ եմ ինձ որպես օգնական՝ 2008 թվականին դատական իշխանություն ընդունած դատավոր Արթուր Սմբատյանին՝ խղճի մաքրություն ու արդարամտություն սովորեցնելու ու փոխանցելու համար:

Շնորհակալ եմ փաստաբանական համայնքին՝ տևական ու արդյունավետ համատեղ աշխատանքի համար։

Շնորհակալ եմ աշխատակազմիս՝ անմնացորդ նվիրումով ծանր բեռս թեթևացնելու համար:

Պաշտոնավարող ու ինձ փոխարինող դատավորներին մաղթում եմ մնալ ամուր, արժանապատիվ ու բարձր կոչմանը հավատարիմ:

Շնորհակալ եմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին, անդամներ Հայկ Գրիգորյանին, Վիգեն Քոչարյանին, Երանուհի Թումանյանցին, Նաիրա Հովսեփյանին, Մեսրոպ Մակյանին՝ թեկուզ ծայրահեղ անարդար ձևով, ինձ ընտանիքիս ու երեխաներիս վերադարձնելու համար:

Շնորհակալ եմ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանին ու Դավիթ Խաչատուրյանին՝ իրենց քվեարկության համար:

Կարծում եմ՝ իրավունք վաստակել եմ հայտարարելու, որ հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ»,- գրել է նա։