Ե՞րբ ՌԴ–ն և Ուկրաինան համաձայնագիր կկնքեն․ ի՞նչ իրավիճակ է ՌԴ սահմանին

Ե՞րբ ՌԴ–ն և Ուկրաինան համաձայնագիր կկնքեն․ ի՞նչ իրավիճակ է ՌԴ սահմանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ՌԴ–ի և Ուկրաինայի միջև խաղաղությունը կհաստատվի մոտ ապագայում, սակայն, արդյո՞ք այդ լավատեսական կարծիքը կիսում են հակամարտող երկու երկրներում․․․

Թրամփը մի քանի անգամ կրկնել է, որ Զելենսկին «առանց ընտրությունների բռնապետ է», ով ոչ մի ջանք չի գործադրել հակամարտությունը լուծելու համար, ինչպես նաև համոզել է ԱՄՆ-ին ծախսել 350 միլիարդ դոլար մի հակամարտության վրա, որը նա չի կարող հաղթել։

Պուտինն, իր հերթին, նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: 

«Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի հրաժարվել Եվրոպայի կամ Ուկրաինայի հետ երկխոսությունից։ Եվրոպացիներն իրենք են դադարեցրել շփումները Մոսկվայի հետ, իսկ Կիևն իրեն նույնիսկ արգելել է բանակցել Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Պուտինը։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ իրենց համար բավարար չէ պարզապես հանդիպելը Թրամփի հետ, անհրաժեշտ է մշակել ամենակարևոր, ներառյալ՝ Ուկրաինայի վերաբերյալ հարցերը:

Մինչ ամբողջ աշխարհն անհամբեր սպասում է, թե ի՞նչ է լինելու ԱՄՆ և ՌԴ  նախագահների նախատեսվող հանդիպման ժամանակ, որն ըստ փորձագետների և նաև Թրամփի, տեղի է ունենալու փետրվարի վերջ դարձյալ դՍաուդյան Արաբիայում, հարց է առաջանում՝ դեռ որքա՞ն են տևելու ռազմական գործողությունները, արդյո՞ք հնարավոր է խաղաղության հասնել. MediaHub-ը կապ հաստատեց ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ:

«Իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ, չնայած այն հանգամանքին, որ մեր ռուսական զորքերը սկզբունքորեն հաղթում և ազատագրում են ավելի ու ավելի շատ բնակավայրեր՝ ոչ միայն Կուրսկում, այլև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, Խարկովի մարզում և այլն։ Իրավիճակը դեռ բավականին լարված է»,- ասաց նա:

Նա հիշեցրեց, որ վերջերս տեղեկություններ էին ստացվել զոհված խաղաղ բնակիչների մասին, որոնք պարզապես ոչնչացվել էին ուկրաինական ուժերի կողմից։ Սապրիկայի խոսքով՝ նրանք սովորական մարդիկ էին, ովքեր ապրում էին իրենց բնակավայրերում, որոնք սպանեցին շատ դաժանաբար։ Ավելացրեց, որ հանցագործները, ովքեր իրականացրել էին այդ պատժիչ գործողությունները, արդեն հայտնաբերվել են:

Ըստ այդմ, շեշտեց մեր զրուցակիցը, հակահարվածը լինելու է ամբողջությամբ օրենքով սահմանված կարգով։ Ինքը հավատում է՝ այս օրինակները շուտով կվերջանան:

Ի՞նչ իրավիճակ է այս պահին. 

«Անօդաչու թռչող սարքերի հարձակումները, հրթիռային սպառնալիքները Բելգորոդի շրջանի տարածքում շարունակում են պահպանվել, Կուրսկի շրջանի տարածքում խաղաղ բնակիչներ են զոհվում, այնպես որ այս ամենը դեռ շարունակվում է։ Եվ ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ հարձակման են ենթարկվում ոչ թե ռազմական օբյեկտները, այլ առաջին հերթին շտապ օգնության մեքենաներն ու գյուղատնտեսական ձեռնարկությունները, և այս առումով, բնականաբար, բնակչության համար վիճակը շատ ծանր է»,– նշեց Սապրիկան։

Մյուս կողմից, ըստ փորձագետի, տեսանելի է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հաջողությունները և մշտական ճնշումը ռազմաճակատում:
Հարցին, թե իր կանխատեսմամբ արդյո՞ք Ուկրաինայում կլինեն ընտրություններ և ի՞նչ սպասել դրանից հետո բանակցային գործընթացում, Սապրիկան պատասխանեց․

«Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, թե Զելենսկին ունի ընդամենը 4% վստահության վարկանիշ, բառացիորեն բոլոր ուկրաինական սոցիոլոգիական ծառայությունները հրապարակում են իրենց հետազոտության արդյունքները՝ նշելով, որ այդ տոկոսը շատ ավելի բարձր է։ Եվ հենց վերջերս Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից անցկացվել է հարցում, որը ցույց է տվել, թե Զելենսկիին վստահում է բնակչության 57%-ից ավելին։ Չնայած այս թվին, պարզ է, որ նրա հանդեպ վստահության վարկանիշն ընկնում է։

Վստահ եմ, որ ոչ լեգիտիմ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ում պաշտոնավարման ժամկետը, ինչպես գիտենք, ավարտվել է մայիսին, չունի Ուկրաինայում ո՛չ լեգիտիմություն, ո՛չ էլ բնակչության աջակցությունը»։

Իսկ ի՞նչ է կարծում, ե՞րբ է հնարավոր սպասել հաշտության պայմանագրի կնքման ՌԴ և Ուկրաինայի միջև.

«Վախենում եմ, որ Վոլոդիմիր Զելենսկին մինչև վերջ կպահի իշխանությունը և թույլ չի տա ընտրություններ անցկացնել երկրում, և միայն այն ժամանակ, երբ բանակցություններին հաջորդող հայտարարություններ լինեն ԱՄՆ-ից և Ռուսաստանից, այն ժամանակ գոնե որոշակի հնարավորություն կլինի Ուկրաինայում ընտրություններ անցկացնել։ Եվ եթե դրանք անցկացվեն, ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա հատուկ ռազմական օպերացիայի ավարտից հետո, այն բանից հետո, երբ Ռուսաստանը հասնի իր նպատակներին»,- հավելեց քաղաքագետ Սապրիկան։

Մարիաննա Արամյան