Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է պատանի կատարողների ամենամյա «Բոստորգայի» միջազգային մրցույթում

Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է պատանի կատարողների ամենամյա «Բոստորգայի» միջազգային մրցույթում

Ղազախստանի հանրապետության Ալմաթի քաղաքում, մայիսի 28-ից հունիսի 1-ը, կայացել է պատանի կատարողների ամենամյա «Բոստորգայի» 20-րդ միջազգային մրցույթը։

Հոբելյանական միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Սուսաննա Պողոսյանը։

«Բոստորգայի» 20-րդ մրցույթում հանդես են եկել աշխարհի 7 երկրներից մոտ 300 մասնակից, այդ թվում` խմբեր և անհատներ։ Հայաստանի պատվիրակ Սուսաննա Պողոսյանը, առաջին մրցութային օրը կատարել է Արամ Ավագյանի և Սրբուհի Ստամբոլցյանի հեղինակած «Հայաստան աշխարհ» երգը։ Իսկ երկրորդ օրը՝ Քրիստինա Ագիլերայի «Hurt» երգը։ Ժյուրիի առավելագույն միավորներ վաստակելով, Սուսսաննա Պողոսյանն արժանացել է «Բոստորգայի» 20-րդ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին՝ Գրան Պրիին։ Միջազգային մրցույթի ժյուրիի կազմում է եղել նաև Ազնավուր քոլեջի «Երաժշտության» ամբիոնի վարիչ, երգիչ Տիգրան Հայորդին։ Հայաստանի պատվիրակությունը մի քանի օրից Հայաստան կվերադառնա պատվավոր մրցանակով։